Թուրքիայի մեդիա ոլորտի հսկա «Դողան» հոլդինգի տնօրենների խորհրդի նախագահ Այդըն Դողանը հրաժարական է տվել։ Թուրքական Medyaradar կայքէջի փոխանցմամբ՝ Այդըն Դողանի տեղը կզբաղեցնի նրա աղջիկը՝ Արզուհան Դողան Յալչընդաղը։

Այդըն Դողանի հրաժարականից ժամեր առաջ հրաժարական էր տվել նաեւ հոլդինգի մեջ գտնվող թուրքական հայտնի Hurriyet թերթի գլխավոր խմբագիր Էրթուղրուլ Օզքյոքը, ով արդեն 20 տարի զբաղեցնում էր այդ պաշտոնը։

NEWS.am-ը հիշեցնում է, որ «Դողան» մեդիա հոլդինգի մեջ են մտնում թուրքական Hurriyet, Hurriyet Daily NEWS, Milliyet, Referans, Radikal, Posta, Star եւ այլ թերթեր, ինչպես նաեւ CNNturk, Star, Kanal D եւ այլ հեռուստաընկերություններ եւ ռադիոկայաններ։

«Դողան գրուպ»-ը Թուրքիայի ամենամեծ հոլդինգներից մեկն է, որի հիմնադիրն է Այդըն Դողանը։ Այդըն Դողանը առաջին իր ընկերությունը ստեղծել է 1961 թվականին։ Այնուհետ նրա բիզնեսը զարգացել է եւ ընդգրկել տարբեր ոլորտներ։ 1979 թվականին, գնելով թուրքական Milliyet թերթը, «Դողան գրուպ»-ը մտավ նաեւ մամուլի ոլորտ։ Իսկ արդեն 1994 թվականին գնեց Hurriyet թերթը։ «Դողան գրուպ»-ի մեջ երկու խոշոր հոլդինգ է ընդգրկված՝ «Դողան» ընկերությունների հոլդինգ եւ «Դողան» մեդիա հոլդինգ։

2009 թվականի սեպտեմբերի սկզբներին Թուրքիայի ֆինանսների նախարարությունը տուգանել է թուրքական հսկա «Դողան գրուպին» մոտ 5 միլիարդ լիրայով (3.5 միլիարդ ԱՄՆ դոլար) հարկային պարտավորությունների չկատարման համար։ Այս լուրը ստանալուն պես թուրքական ֆոնդային բորսայում կտրուկ արժեզրկվել են այդ հոլդինգի մեջ մտնող ընկերությունների բաժնետոմսերը։ «Դողան» գրուպի ղեկավարության եւ թուրքական իշխանությունների բանակցությունները տուգանքի շուրջ դեռեւս արդյունք չեն տվել։