Իրանական ընդդիմության հիմնական առաջնորդներ Միր Հոսեյն Մուսավին եւ Մեհդի Քարուբին Թեհրանից փախել են երկրի հյուսիս: Այդ մասին նախօրեին հայտարարել է BBC-ն: ԻԻՀ ընդդիմության որոշ աղբյուրներ պնդում են, որ Մուսավին ու Քարուբին «լքել են մայրաքաղաքը անվտանգության ուժերի ներկայացուցիչների ուղեկցությամբ»:

Իր հերթին, ինչպես հայտնում է «Ինտրեֆաքսը», Քարուբիի որդին՝ Հոսեյնն իր հոր վեբ-կայքում հայտնել է, որ դեկտեմբերի 30-ի երեկոյան հանդիպել է հորը Թեհրանում: «Մի քանիսը փորձում են վախի մթնոլորտ սերմանել՝ իմ հոր ձերբակալության կամ „աքսորի“ մասին լւրեր տարածելով»,- ասել է Հ. Քարուբին:

Վերջին մի քանի օրերին Իրանում հակակառավարական ցույցեր են ընթանում՝ որոնք համընկել են խոշորագույն կրոնական իրադարձության՝ Աշուրի օրվա հետ, որը նվիրված է 7-րդ դարում իմամ Հուսեյնի մահվանը, եւ ուղեկցվում է սգո երթերով: Բախումներում վնասվածքներ են ստացել 120 ոստիկաններ: Մահացել են 8-ից 15 ցուցարարներ: Նրանց մեջ է նաեւ Միր Հոսեյն Մուսավիի զարմիկը: