ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանի Ամանորի ուղերձը: NEWS.am-ը ներկայացնում է ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանի Ամանորի ուղերձը.
Սիրելի հայրենակիցներ
Եկել է պահը հրաժեշտ տալու 2009 թվականին եւ դիմավորելու Նոր տարին, պայծառ ու հրաշալի մի տոն, որը խորհրդանշում է բարություն, սեր, համերաշխություն:
Բոլորս Ամանորին սպասում ենք մեծ հույսերով ու ակնկալիքներով, որ այն կլինի ավելի հաջող ու արդյունավետ, որ կիրականանան մեր ցանկություններն ու նպատակները: Եվ փորձում ենք վերհիշել անցնող տարին, վերլուծել ու գտնել հաջողության գրավականը կամ անհաջողությունների պատճառը:
Թանկագին արցախցիներ
Վստահ եմ, միասին կանենք ամեն ինչ, որպեսզի մեր ժողովրդի վաղվա օրը լինի ավելի բարեկեցիկ ու ապահով, մեր երկիրը դառնա ավելի զորեղ ու ծաղկուն:
Այս տոնական օրը ես գլուխ եմ խոնարհում Արցախյան ազատամարտի բոլոր նահատակների հիշատակի առջեւ: Հավերժ փառք ու պատիվ հայրենիքի նվիրյալներին: Թող Նոր տարին հաջողություն բերի նրանց հարազատներին, մեր հաշմանդամներին ու թոշակառուներին, Պաշտպանության բանակի ողջ անձնակազմին` շարքային զինվորից մինչեւ գեներալ, Հայաստանի եւ Սփյուռքի մեր քույրերին ու եղբայրներին, Արցախի հերոսական ժողովրդին:
Թող 2010 թվականը մեր ընտանիքներին պարգեւի ջերմություն ու լիություն, մեր մերձավորներին` առողջություն ու երջանկություն, հայրենի երկրին` խաղաղություն եւ հուսալի ապագա:
Շնորհավոր Ամանոր եւ Սուրբ Ծնունդ:




























