Չինաստանի Սինցզյան-Ույգուրի ինքնավար շրջանի կենտրոն Ուրումչի քաղաքում զանգվածային անկարգությունների նոր ալիք է բարձրացել: Ինչպես հաղորդում են միջազգային գործակալությունները, չինական ոստիկանությունը գնդակահարել է անկարգությունների 12 մասնակիցների: Մի քանի նախազգուշական կրակոցներից հետո, ոստիկանությունը կրակ է բացել ցուցարարների ուղղությամբ: Բողոքի ցույցը ցրելիս վնասվածքներ են ստացել նաեւ իրավապահները, որոնցից մեկը գլխին ստացած վերքերի հետեւանքով մահացել է:

Վերջին տվյալներով, Ուրումչիում տեղի ունեցող զարգացումների արդյունքում զոհերի թիվը հասել է 197-ի, ավելի քան 1700 մարդ վիրավորվել է: Քաղաքում անվտանգության հատուկ միջոցառումներ են ձեռք առնվել. Փաստաթղթերի ուժեղացված ստուգում է իրականացվում, բնակիչներին խստիվ արգելվում իրենց մոտ պահել վտանգավոր առարկաներ, այդ թվում մահակներ ու դանակներ:

Իրավիճակը Սինցզյան-Ույգուրի ինքնավար շրջանում բարդացել է հուլիսի 5-ին, երբ քաղաքով մեկ էթնիկ հողի վրա զանգվածային անկարգություններ էին սկսվել: Այդ շրջանում մեծամասնություն կազմող ույգուր բնակչությունը դուրս է եկել Չինաստանի հիմնական ազգություն համարվող հաների դեմ: