Այսօր Հայաստանում Երիտասարդության միջազգային օրվա շրջանակներում հայտարարվել է երիտասարդական կարճամետրաժ ֆիլմերի մրցույթ` «Մարդու իրավունքների թվային դարաշրջանում» թեմայով: Մրցույթն ուղղված է երիտասարդների շրջանում Մարդու իրավունքների համընդհանուր հռչակագրի վերաբերյալ գիտելիքների ընդլայնմանը:
Այն նպատակ ունի բարձրացնելու երիտասարդների իրազեկվածության մակարդակը թվային դարաշրջանում մարդու իրավունքների վերաբերյալ, երիտասարդներին այս խնդրին ստեղծագործաբար մոտենալու հնարավորություն տալ, խթանել մարդու իրավունքների պաշտպանների հաջողությունները եւ հնարավորություն տալ մասնակցելու մարդու իրավունքների օրվա միջոցառումներին: Լավագույն ֆիլմերի հեղինակները կպարգեւատրվեն, իսկ ֆիլմերը կցուցադրվեն Մարդու իրավունքների օրը` Երեւանում:
Երիտասարդները հրավիրվում են ներկայացնելու իրենց կարճամետրաժ ֆիլմերը:
Միեւնույն միջոցառումը միաժամանակ տեղի է ունենալու ՄԱԿ-ի անդամ այլ պետություններում: Հայաստանում պարգեւատրման արարողությունն ուղիղ կհեռարձակվի` հնարավորություն տալով տարբեր երկրների երիտասարդներին համացանցի միջոցով միմյանց հետ կապ հաստատելու, խթանելու միջազգային երկխոսությունը, հաստատելու հանդուրժողականություն եւ փոխանակելու մարդու իրավունքների խթանման հարցում ունեցած փորձը:
«Երիտասարդ մարդկանց հետ եւ նրանց համար աշխատելն իմ առաջնահերթություններից մեկն է: Երիտասարդությունը փոխակերպումների ունակ ուժ է. նրանք փոփոխությունների ստեղծագործ, կարող եւ խանդավառ դեսպաններ են` լինի դա հանրային հրապարակում, թե կիբեռտարածքում»,- իր ուղերձում նշել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Բան Կի-Մունը:
«Մենք պետք է ստեղծենք ավելի շատ եւ ավելի ուժեղ մեխանիզմներ երիտասարդների մասնակցության համար: Եկել է ժամանակը երիտասարդության ձայներն ավելի իմաստալից կերպով ինտեգրելու բոլոր մակարդակներում որոշումների կայացման գործընթացներում: Կոչ եմ անում կառավարություններին, մասնավոր հատվածին, քաղաքացիական հասարակությանը եւ գիտակրթական հատվածին` ավելի բացել դռները երիտասարդների առջեւ եւ ամրապնդել գործընկերությունները երիտասարդների կողմից առաջնորդվող կազմակերպությունների հետ»,- ավելացրել է Բան Կի-Մունը:
Մրցույթը հայտարարված է ՄԱԿ-ի Հանրային տեղեկատվության վարչության երեւանյան գրասենյակի, Մարդու իրավունքների գերագույն հանձնակատարի գրասենյակի, ԵԱՀԿ երեւանյան գրասենյակի եւ Եվրոպայի խորհրդի կողմից` ՀՀ Արտաքին գործերի նախարարության աջակցությամբ:
Երիտասարդության միջազգային օրն ամբողջ աշխարհում նշվում է1999 թվականի օգոստոսի 12-ից` ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի որոշմամբ: Որոշումը շեշտում է կարեւորությունը, որ ՄԱԿ-ի անդամ պետությունները տալիս են երիտասարդության հիմնահարցերին` ներառելով դրանք իրենց ազգային, տարածաշրջանային եւ համաշխարհային օրակարգ:



























