«Ժառանգություն» կուսակցությունը նամակ է հղել Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանին, որում պահանջում է վերստեղծել 2008 թվականի մարտի 1-2-ի իրադարձություններն ուսումնասիրող Փորձագետների փաստահավաք խումբը` միջազգային փորձագետների ներգրավմամբ: Կուսակցությունը նշել է. «2009 թվականի հունիսի 19-ին Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի կողմից Ձեր` „Համաներում հայտարարելու մասին“ առաջարկը ընդունելուց հետո ավելի քան արդիական է դարձել մարտի 1-ին եւ 2-ին Երեւան քաղաքում տեղի ունեցած ողբերգական իրադարձությունների, մասնավորապես` 10 անձանց սպանության հանգամանքների բացահայտումը, որը շարունակում է մնալ իբրեւ ոչ միայն հասարակության եւ քաղաքական ուժերի պահանջ, այլեւ միջազգային կառույցների առջեւ Հայաստանի ստանձնած պարտավորություն», — մասնավորապես, ասված է ընդդիմադիր կուսակցության վարչության նախագահ Անահիտ Բախշյանի ստորագրած նամակում:

Փաստահավաք խմբի գործունեությունը դադարեցվել էր նախագահ Սերժ Սարգսյանի հունիսի 6-ի կարգադրությամբ: