Հայաստանի վարչապետ Տիգրան Սարգսյանն այցելել է Հանքավանի «Լուսաբաց» ճամբար` Սիրիայից ժամանած հայ երեխաների հետ հանդիպելու նպատակով: Նշենք, որ 2012 թ. օգոստոսի  9-ին Երեւան է տեղափոխվել սիրիահայ երեխաների առաջին` 120 հոգանոց խումբը, որն ամառային հանգիստն անցկացնելու է Հայաստանում։ Դամասկոսի եւ Հալեպի հայ երեխաների Հայաստան տեղափոխման եւ հանգստի կազմակերպման ծախսերը հոգում է ՀՀ կառավարությունը` մասնավոր հատվածի աջակցությամբ:

Կառավարության մամուլի ծառայությունից հայտնում են, որ ճամբարում հանգստացող սիրիահայ երեխաները Տիգրան Սարգսյանին դիմավորել են իրենց պատրաստած պարային երաժշտական ելույթներով:

Երեխաներին ուղղված ողջույնի խոսքում վարչապետ Սարգսյանը նշել է. «Սիրելի երեխաներ, առաջին հերթին ցանկանում եմ ողջունել ձեզ Հայաստանի Հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանի անունից եւ նրա ջերմ ողջույնները հաղորդել ձեզ ու ձեր ընտանիքների բոլոր անդամներին, քանի որ այս խնդիրը գտնվում է առաջին հերթին Հանրապետության Նախագահի ուշադրության կենտրոնում եւ այն բոլոր միջոցառումները, որ իրագործում ենք սիրիահայ երեխաների համար, իրականացվում  են Հայաստանի Հանրապետության նախագահի բարձր հովանու ներքո: Միեւնույն ժամանակ ցանկանում եմ ասել, որ այս գեղեցիկ օրերը, որ մենք միասին անցկացնում ենք Հայաստանում, իրենց մեջ կարեւոր ու մեծ խորհուրդ են պարունակում. հայ ժողովուրդը համախմբվել է սիրիահայության շուրջ, եւ բոլորը փորձում են իրենց աջակցությունը ցուցաբերել` սկսած մասնավոր հատվածից ավարտած Հայաստանի Հանրապետության սովորական քաղաքացիներով, ովքեր մտահոգ են բոլոր այն խնդիրներով, որոնք այսօր ծառացած են սիրիահայության առջեւ: Ցանկանում եմ ձեզ հավաստիացնել, որ կառավարությունն ամեն ինչ կանի, որպեսզի թեթեւացնի ձեր հոգսը: Տեղյակ եք, որ մենք վաղն սպասում ենք Հալեպից նոր ջոկատի ժամանմանը: Համոզված եմ, որ ճամբարում տիրող մթնոլորտը հնարավորություն կտա բոլորիս ավելի հեշտությամբ հաղթահարել փորձությունները, որոնք այսօր կանգնած են հայ ժողովրդի փոքրիկ հատվածի առջեւ: Եվս մեկ անգամ ողջունում եմ ձեզ եւ ցանկանում բարի ժամանց Հայաստանում»:

Կառավարության ղեկավարը շրջել է ճամբարում երեխաների համար նախատեսված սենյակներով, ծանոթացել ապրելակերպի եւ հանգստի պայմաններին: Այնուհետեւ նա ճաշել եւ զրուցել է երեխաների հետ, հետաքրքրվել նրանց առօրյայով: Վարչապետին ուղեկցել են ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը, ՀՀ տարածքային կառավարման նախարարի առաջին տեղակալ Վաչե Տերտերյանը,  ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ Սերգեյ Մանասարյանը, Կոտայքի մարզպետ Կովալենկո Շահգելդյանը: