2010թ. հունվարի 6-ին, ավելի քան 5-ամյա ընդմիջումից հետո Թբիլիսիում իր գործունեությունն է սկսել Սբ. Էջմիածին եկեղեցին, որը Հայ առաքելական եկեղեցու վրացական թեմի երկու գործող եկեղեցիներից մեկն է:
Բացումը տեղի է ունեցել առավոտյան ժամը 11-ին, Հայ առաքելական եկեղեցու վրացական թեմի առաջնորդ, արք. Վազգեն Միրզախանյանի, հավատացյալների եւ հայկական համայնքնի ներկայացուցիչների մասնակցությամբ: Պատարագից հետո առաջին հարսանեկան ծեսն է մատուցվել՝ նշանավորելով Վրաստանի նոր հայկական ընտանիքի ստեղծումը Քրիստոսի ծննդյան օրը:
«Այս իրադարձությունը հերթական անգամ ցույց է տալիս, եկեղեցու, ժողովրդի եւ պետության անհրաժեշտ համախմբման դեպքում անհնարին ոչինչ չկա»,- NEWS.am-ին ասել է Ջոնի Մելիքյանը՝ Իլյա Ճավճավաձեի անվան համալսարանին կից Կովկասյան հետազոտությունների ինտիտուտի աշխատակիցը:




























