Երեք հոգի զոհվել են եւ հինգ հոգի տուժել այսօր՝ հունվարի 8-ին, հոսանքափոխարկիչներ արտադրող գործարանում կատարված հրաձգության արդյունքում։ Արտադրամասը պատկանում է շվեդական ABB Group կոնցեռնին եւ գտնվում է Միսսուրի նահանգում։ Դեպքը պատահել է տեղի ժամանակով 6։30, երբ գործարանում գտնվել են 40-50 աշխատող։ Զինված տղամարդը մտել է արտադրամաս եւ կրակել մարդկանց վրա։

BBC Russia-ն, վկայակոչելով տեղի ոստիկանությանը, հաղորդում է, որ ավելի ուշ գործարանում հայտնաբերվել է հանցագործի մարմինը՝ հրազենային մահացու վնասվածքով։

Ներկա պահին ոստիկանները շրջապատել են գործարանի շենքը, որտեղ հերթապահում են նաեւ շտապօգնության մեքենաները։ Associated Press –ը հաղորդում է, որ վիրավորվածներից երեքը գտնվում են ծայրահեղ վիճակում։ Ընդ որում, ИТАР-ТАСС-ի տվյալներով, հանցագործի անձն արդեն պարզվել է։ Նա 51-ամյա Թիմոթի Հերնդոնն է, ով աշխատել է այդ գործարանում։ Հերնդոնն ապրում է Սենթ Լուիսի արվարձանում։ Նա նախկինում վեճեր է ունեցել գործարանի ղեկավարության հետ։ Մասնավորապես՝ 2006 թվականին նա պահանջել է վճարել իբրեւ թե իրեն պատկանող կենսաթոշակային գումարները։

Դեպքի նախօրեին այդ առթիվ հարուցված գործն ուղարկվել էր դատարան։