Պետք է շարունակել Հյուսիսային Կովկասի ավազակախմբերի ոչնչացման գործընթացը։ Այս մասին այսօր՝ հունվարի 8-ին, հայտարարել է Ռուսաստանի նախագահ Դմիտրի Մեդվեդեւը՝ Անվտանգության ծառայության տնօրեն Ալեքսանդր Բորտնիկովի հետ հանդիպման ժամանակ։

«Ընդհատակում գործող ավազակախմբեր դեռեւս կան, դրա վրա չպետք է աչք փակել եւ անհրաժեշտ է գործել ամբողջ ուժով։ Եթե որեւէ տեղ դրանց հետքերը հայտնաբերվեն, պետք է որոնել եւ ոչնչացնել դրանք»,- հայտարարել է Մեդվեդեւը։

Ինչպես ընդգծել է Ռուսաստանի նախագահը, երկրի քաղաքականությունն այդ ուղղությամբ անփոփոխ է մնացել. «Նրանց պետք է պարզապես ոչնչացնել եւ դա անել անընդմեջ»։

Բորտնիկովն իր հերթին հայտարարել է, որ Մախաչկալայում տեղի ունեցած ահաբեկչությունից հետո անվտանգության միջոցներն ուժեղացվել են։

Հիշեցնենք, որ հունվարի 6-ին Մախաչկալայում տեղի ունեցած ահաբեկչության արդյունքում զոհվել էին ոստիկանության 6 աշխատակիցներ, եւս 100 մարդ մարմնական տարբեր աստիճանի վնասվածքներ էին ստացել։