Եվրոպայի անվտանգության եւ համագործակցության կազմակերպությունում իր նախագահության տարում Ղազախստանը կազմել է բազմակողմ եւ երկկողմ խորհրդակցությունների օրակարգը, որը ներառում է ԵԱՀԿ բոլոր երկրներն առանց բացառության: Նման հաղորդագրություն է տարածել 2010թ. հունվարի 1-ից ԵԱՀԿ նախագահությունը ստանձնած Ղազախստանի արտգործնախարարությունը:

«Պարբերաբար Վիեննայում եւ ԵԱՀԿ տարածքի այլ երկրներում կանցկացվեն մշտական խորհրդակցություններ Եվրոպական Միության, Եվրոպայի Խորհրդի, ԱՊՀ-ի, ՆԱՏՕ-ի, ՀԱՊԿ-ի եւ այլ միջազգային կազմակերպությունների հետ: Փորձը ցույց է տալիս նման մոտեցման կարեւորությունը Կազմակերպության օրակարգի արդիական խնդիրների վերաբերյալ մոտեցումների մոտեցման, գործողությունների համակարգման եւ կրկնակի աշխատանքի բացառման համար»,- ասված է երկրի արտաքին քաղաքական գերատեսչության հաղորդագրության մեջ:

Նաեւ նշվում է, որ 2010թ. նախատեսված է գործող նախագահ, Ղազախստանի պետքարտուղար-արտգործնախարար Կանատ Սաուդաբաեւի այցերը ԵԱՀԿ դաշտային ներկայության գոտիներ՝ Հարավային Կովկաս, Բալկաններ, Արեւելյան Եվրոպա եւ Կենտրոնական Ասիա: Այցերը կայանալու են ճգնաժամային իրավիճակների կամ հակամարտությունների կարգավորման գործընթացների շրջանակներում:

Ղազախական լրատվամիջոցների փոխանցմամբ, ԵԱՀԿ գործող նախագահի հակամարտությունների կանխարգելման հարցով հատուկ ներկայացուցչի պաշտոնում նշանակվել է ամենափորձառու ղազախ դիվանագետներից մեկը՝ Բուլատ Նուրգալիեւը: