Սեպտեմբերի 23-ին 140 ընտրող ունեցող Տավուշի մարզի Աճարկուտ գյուղի գյուղապետի ընտրություններում 21 տարվա գյուղապետի`Ռաֆիկ Օհանյանը դեմ առաջադրվել է նրա 33-ամյա դուստրը` Լիանա Օհանյանը: NEWS.am-ը փորձեց զրուցել թեկնածուների հետ հասկանալու համար, թե հնարավոր է գյուղապետի պաշտոնը հայր ու աղջկա թշնամանքի պատճառ դառնալ:
Պարոն Օհանյան, կպատկերացնեի՞ք, որ մի գեղեցիկ օր Ձեր աղջիկը կորոշի իր թեկնածությունը առաջադրել Ձեր դեմ:
Այ քու տունը շինվի, էս աշխարհում ամեն ինչ պատահում ա: Ես ինչ կարամ գիտենամ: Հերը` տղին ա սպանում, տղեն`հորը: Մերը` աղջկանն ա սպանում, աղջիկը` մորը: Էս ինչ բաներ ա կատարվում աշխարհում: Ի՞նչի Դուք չենք իմանում: Լրագրող եք` լավ էլ իմանում եք:
Ամեն դեպքում ինչպե՞ս է անցնում նախընտրական պայքարը Ձեր եւ Ձեր աղջկա միջեւ:
Դե թղթերը հանձնել, վերջացրել ենք: Մարդիկ էլ անտառում են իրենց բերքն են հավաքում, որ ընտրարշավը սկսենք, կհաղորդենք:
Բայց պատրաստվո՞ւմ եք Ձեր աղջկա հետ մրցել:
Բա ոնց, բա առանց պայքարի բան ա լինում:
Իսկ հնարավո՞ր է, որ այդ ընտրապայքարի արդյունքում Ձեր հարաբերությունները լարվեն:
Դե հիմա լարվեցին-լարվեցին, ի՞նչ կարող եմ ասել: Մինչեւ հիմա աշխատել եմ չվիճել: Ինքը թող իրա ծրագիրը ներկայացնի, ես` իմ: Ընտրող կլին,ի թող տանի, ընտրող չլինի` թող տարվի: Ինչ ասեմ:
Ձեր աղջիկը ամուսնացա՞ծ է, թե՞ Ձեզ հետ նույն հարկի տակ է ապրում:
Չէ իմ աղջիկը ամուսնացած չի, բայց մեր գյուղում առանձին տուն տեղ ունի, իրա համար ապրում ա:
Դուք երկուսդ էլ ՀՀԿ-ից եք, կուսակցությունը ո՞ւմ թեկնածությունն է պաշտպանում:
Իմը:Բայց իմ աղջիկն էլ կրթված ա, պատմաբան ա, աշխարհ բաներ ա գիտում:
Հ.Գ NEWS.am-ը փորձեց լսել նաեւ Լիանա Օհանյանին, սակայն նա պատճառաբանելով, որ զբաղված է առաջարկեց իրեն զանգել ավելի ուշ, իսկ ավելի ուշ այդպես էլ չպատասխանեց հեռախոսազանգերին:
Պատրաստեց Տաթեւ Մեսրոպյանը




























