Ադրբեջանի ներքաղաքական կյանքն առաջին հերթին բնութագրվում է կառավարող կառույցների անպատասխանատվությամբ, վարչական միջոցներով քաղաքական կյանքի սահմանափակմամբ, մարդու իրավունքների եւ ազատությունների ուղիղ խախտմամբ եւ կոռումպացված տնտեսության առկայությամբ: Այդ մասին ադրբեջանական «Զերկալո» թերթին տված հարցազրույցում հայտնել է «Այդինլար» կուսակցության ղեկավար Գուլամհուսեյն Ալիբեյլին:

«Տեղական մարմինների ավանդական չնչին լիազորությունները, ընտրությունների արդյունքների համատարած կեղծումները, իշխանության լիակատար վերահսկողությունը ընտրական գործընթացի նկատմամբ նվազեցրել են հանրային հետաքրքրությունը ինչպես տեղական, այնպես էլ բոլոր ընտրությունների հանդեպ»,- ասել է Ալիբեյլին:

«Որպես հետեւանք՝ իշխանությունները հայտարարում են ընտրությունների արդյունքները իրենց ցանկացածի պես»,- նշել է գործիչը եւ հավելել, որ համաձայն է այն կարծիքի հետ, թե ընտրություններն աննկատ անցան: