Մեծ Բրիտանիայի ոստիկանությունը Լոնդոնի Heathrow օդանավակայանում Emirates ավիաընկերությանը պատկանող ինքնաթիռում, որն ուղեւորվելիս է եղել Դուբայ, ձերբակալել է երկու ուղեւորների: Օդանավակայանում տագնապ է հայտարարվել, սակայն այն չի փակվել: Ինչպես հաղորդում է Sky News հեռուստաընկերությունը, թռիչքի ժամանակ երկու ուղեւորներ «ծայրահեղական կոչեր ու սպառնալիքներ են հնչեցրել»: Իշխանությունները տեղի ունեցածը գնահատել են որպես միջադեպ, ոստիկանություն է հրավիրվել, որը ձերբակալել է այդ ուղեւորներին: Վերջիններս նստած են եղել իրարից որոշակի հեռավորության վրա:

Ներկայումս օդանավակայանում եւ ինքնաթիռում աշխատում են անվտանգության ծառայությունների հատուկ խմբեր` շներով: Նշենք, որ միջադեպը տեղի է ունեցել հունվարի 8-ին, տեղի ժամանակով երեկոյան ժամը 20-ին: