Հուլիսի 18-ին Մոսկվայում Հայաստանի Ադրբեջանի եւ Ռուսաստանի նախագահների եռակողմ հանդիպման ընթացքում «առանցքային հարցը եղել է հակամարտության շրջանի բնակչության ինքնորոշման հարցով քվեարկության ընթացակարգը եւ նրա համար առաջարկվող միջանկյալ կարգվիճակի էությունը»: Այս մասին ռուսական «Կոմերսանտ» թերթին հայտնել է ՌԴ ԱԳՆ աղբյուրը:
Ռուսաստանի արտաքին գերատեսչությունից այս տեղեկատվության արտահոսքը միանգամայն տրամաբանական է թվում, քանի որ դրա էությունը համապատասխանում է Իտալիայում «Մեծ ութնյակի» գագաթնաժողովում ԵԱՀԿ Մինսկի համանախագահող երկրների նախագահների կողմից հրապարակված ԼՂ խնդրի կարգավորման հիմնարար սկզբունքների դրոյթներին: Այսպիսով, եթե անգամ երկու երկրների նախագահներն ու միջնորդները քննարկում են Ադրբեջանի տարածքային ամբողջականության պահպանման հնարավորությունը, ապա դա, առնվազն, առանցքային հարցը չէ:



















