Զաքյան փողոցում Խաչիկ Գալոյանի սպանության գործով Երեւանի Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում՝ դատավոր Արշակ Վարդանյանի նախագահությամբ, այսօրվա նիստում ներկայացվեց գործով ամբաստանյալ Վահրամ Մարգարյանի հորաքրոջ՝ Լիա Մարգարյանի, բնակարանում խուզարկության արձանագրության՝ վերջինիս տրված բնօրինակը: Այն գործում առկա խուզարկության արձանագրության հետ ունի էական տարբերություններ: Մասնավորապես, քաղաքացուն տրված բնօրինակում նշված չէ, որ խուզարկությամբ բնակարանում հայտնաբերված իրերը՝ նռնակը, պայթուցիչը, հեռախոսը եւ այլն, փաթեթավորվել ու կնիքվել են, ինչպես նշված է գործում առկա արձանագրության մեջ:

«Փաստինֆո»-ի փոխանցմամբ, գործով մեղադրող Արմեն Աֆանդյանը նշեց, որ այդ փաստի կապակցությամբ ոստիկանությանը հանձնարարվել է կատարել ծառայողական քննություն եւ արդյունքների մասին տեղեկացնել դատարանին:

Դատարանում զննվեց հանցագործության գործիք հանդիսացող «Մակարով» տեսակի ատրճանակը, որը մեղադրողի արձանագրմամբ, պատշաճ փաթեթավորված ու կնիքված էր, իսկ նռնակի ու պայթուցիչի զննությունը որոշվեց իրականացնել դատաձգաբանական փորձաքննություն իրականացրած փորձագետ Վարդան Ռոստոմյանի մասնակցությամբ: Փորձագետը կհրավիրվի դատարան եւ պարզաբանումներ կտա նաեւ, թե արդյոք պայթուցիչը տեղավորվում է նռնակի մեջ եւ հնարավո՞ր էր, արդյոք, այն օգտագործել:

Նիստում ցուցմունքներով հանդես եկավ ամբաստանյալ Վահրամ Մարգարյանը, ով հերքեց 2011թ. օգոստոսի 2-ին Երեւանի Զաքյան փողոցում Խաչիկ Գալոյանի սպանության գործի շրջանակում իրեն ներկայացված մեղադրանքը: Նա հայտարարեց, «Գործով չպարզված ժամանակ եւ հանգամանքներում ապօրինաբար ձեռք չեմ բերել եւ իմ բնակության վայր չհանդիսացող Երեւանի Լենինգրադյան փողոցի 48/4 շենքի թիվ 21 բնակարանում չեմ պահել ռազմամթերք հանդիսացող «Ֆ-1» տեսակի նռնակ եւ «Ջ-1» տեսակի ինքնաշեն նռնակի պայթուցիչ, Բորիս Հակոբյանի օժանդակությամբ եւ վերջինիս կողմից տրամադրված հրազենի եւ ռազմամթերքի գործադրմամբ 2011թ. օգոստոսի 2-ին ժամը 21:00-ի սահմաններում Երեւանի Զաքյան փողոցում ապօրինաբար դիտավորությամբ Խաչիկ Գալոյանին չեմ զրկել կյանքից»:

Նա ընդգծեց, որ առհասարակ որեւէ կապ չունի սպանության հետ եւ դրա մասին իմացել է գործով մյուս ամբաստանյալ Բորիս Հակոբյանից, այն էլ այն բանից հետո, երբ նա մեղայականով ներկայացել էր ոստիկանություն:

Վահրամ Մարգարյանը հավելեց նաեւ, որ ինքը որեւէ առնչություն չունի իր հորաքույր Լիա Մարգարյանի բնակարանից հայտնաբերված իրերի՝ նռնակի, պայթուցիչի եւ այլնի հետ: Ավելին, դրանք բերել են բնակարանում խուզարկություն իրականացրած ոստիկանները, քանի որ դրանց հայտնաբերման պահը տանտիրուհին ու ընթերական չեն տեսել, դրանք չեն փաթեթավորվել ու չեն կնիքվել:

Մեղադրող Արմեն Աֆանդյանը դատարանից խնդրեց 5 աշխատանքային օր ժամանակ տրամադրել, որպեսզի ինքը նախապատրաստվի ամբաստանյալի հարցաքննությանը, նա նաեւ տեղեկացրեց, որ եւս 15 օրով գտնվելու է արձակուրդում: Պաշտպանական կողմը՝ ի դեմս գործով երկու ամբաստանյալներ Վահրամ Մարգարյանի ու Բորիս Հակոբյանի պաշտպան Կրոմվել Գրիգորյանի, առարկեց միջնորդության դեմ, հայտարարելով, որ Վահրամ Մարգարյանը որեւէ նորություն չի ասել, որեւէ նոր հանգամանք ի հայտ չի եկել: Եվս 15-օրյա հետաձգումը անհարկի է, ուստի առաջարկեց, որպեսզի դատախազությունը նրան փոխարինի մեկ այլ մեղադրողով: Դատարանը՝ հաշվի առնելով պաշտպանական կողմի կարծիքը, գործով դատական հաջորդ նիստը նշանակեց սեպտեմբերի 4-ին: