Օգոստոսի 28-ին ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը հանդիպել է ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի ներկայացուցիչ Հենրիեթ Արենսին:

Սփյուռքի նախարարության լրատվական ծառայությունից հայտնում են, որ հանդիպման առանցքում էին Հայաստան ժամանած սիրիահայերի, եւ հատկապես` երեխաների հիմնահարցերը: Նախարարի ներկայացմամբ սիրիահայերի հիմնախնդիրները, ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանի հանձնարարությամբ, գտնվում են ՀՀ կառավարության անընդմեջ հսկողության եւ ուշադրության ներքո:

Նախարարը խոսել է արդեն իսկ իրականացված եւ ընթացքում գտնվող ծրագրերի, սիրիահայերին պետական մակարդակով տրվող արտոնությունների եւ աջակցության մասին: ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի ներկայացուցիչ Հենրիեթ Արենսը հիմնադրամի անունից գործակցության եւ աջակցության պատրաստակամություն է հայտնել, հատկապես, սիրիահայ երեխաների հետ տարվող աշխատանքներում:

Հանդիպման ընթացքում ներկայացվել է սիրիահայերի կրթական, առողջապահական, սոցիալական հիմնախնդիրների մի ողջ շարք, քննարկվել է հնարավոր գործակցության եզրերի լայն շրջանակ:

Հիմնադրամի ներկայացուցիչ Հենրիեթ Արենսը նշել է, որ ՀՀ սփյուռքի նախարարի հետ հանդիպման եւ զրույցի արդյունքում ստացված տեղեկատվությունը կներկայացվի ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի ողջ կառույցին, այնուհետեւ, կսահմանվեն համագործակցության հնարավոր տարբերակները եւ ծրագրերը:

ՀՀ սփյուռքի նախարար Հ. Հակոբյանը հույս է հայտնել, որ ձեռք կբերվի արդյունավետ համագործակցության տանող պայմանավորվածություն, որի յուրաքանչյուր ծրագիրը կգործի ի նպաստ սիրիահայ երեխաներին բարեկեցության: