Գյումրիում օրեր առաջ տեղի ունեցած կրակոցների գործով մեկ մարդ արդեն ձերբակալվել է:

«Առավոտ»-ի փոխանցմամբ, ուրբաթ օրվանից նախընտրական Գյումրիում ծայրահեղ լարված իրավիճակ է. անընդմեջ պատմություններ են շրջանառվում Գյումրու քաղաքապետ Վարդան Ղուկասյանի որդու` Սպարտակ Ղուկասյանի գլխավորած ռազբորկաների մասին:

Վերջինս իր թիմակիցների հետ ապստամբում է քաղաքապետի թեկնածու Սամվել Բալասանյանի թիմակիցների դեմ` մեկ նրանց ահաբեկելով, մեկ էլ թեկնածու հետ հանդիպման գնացած կայարանի թաղի բնակիչների վրա կռիվ գնալով: Բանը հասել է նրան, որ ուրբաթ օրը ժամը 23.30-ի սահմաններում կրակոցներ են հնչել Գյումրու ամենակենտրոնում` Ղուկասյանների ընտանիքին պատկանող «Հրաշքների աշխարհ» մանկական խաղասրահի դիմաց:

Շիրակի մարզի քննչական բաժնում քրեական գործ է հարուցվել ապօրինի զենք-զինամթերք պահելու ու օգտագործելու, խուլիգանություն կատարելու հոդվածներով: Ընդհուպ մինչեւ կրակոցների մասնակիցներից մեկն արդեն ձերբակալվել է:

Շիրակի մարզի քննիչ Արտյոմ Օվսյանը հայտնել է, թե «2012 թվականի օգոստոսի 27-ին Շիրակի մարզի քննչական բաժին ստացվել է ոստիկանության Գյումրու բաժնից գրություն, համաձայն որի 2012 թվականի օգոստոսի 24-ին, Գյումրու Ռուսթավելի եւ Սայաթ-Նովա փողոցների խաչմերուկում գտնվող «Հրաշքների աշխարհ» մանկական խաղատան մասնաշենքի դիմաց տեղի է ունեցել խուլիգանություն. մի խումբ տղաներ կռվել, վիճաբանել, հնչեցրել են սեռական բնույթի հայհոյանքներ, որի ընթացքում հնչել են կրակոցներ: Գրության հիման վրա անմիջապես հարուցվել է քրեական գործ`ՀՀ քրեական օրենսգրքի 258 հոդված 4-րդ մասով, 235 հոդվածի 1-ին մասով: Կատարվել են անհետաձգելի քննչական գործողություններ` դեպքի վայրի զննություն, միջոցառումներ են կազմակերպվել խուլիգանությունը կատարած անձանց շրջանակը պարզելու: Պարզվել է որոշ անձանց ինքնությունը, կատարվել են բնակարանային խուզարկություններ, միջոցառումները շարունակվում են խուլիգանությանը մասնակից անձանց շրջանակը պարզելու հետ կապված»: Քննիչը նաեւ հայտնել է, որ այս պահի դրությամբ կա մեկ ձերբակալված:

Հարցին, թե ի՞նչ կապ կա Երկաթգծի թաղամասում Սամվել Բալասանյանի թիմակից , ավագանու թեկնածու Էդգար Մկրտչյանի նախընտրական շտաբի դիմաց տեղի ունեցած ռազբորկայի եւ «Հրաշքների աշխարհ» խաղասրահի դիմաց հնչած կրակոցների միջեւ, մի՞թե սրանք միմյանց տրամաբանական շարունակությունն են, այս կապակցությամբ քննիչն ասաց. «Էս պահին տեղեկություններ չկան կոնկրետ Երկաթծի Նորավան թաղամասում վիճաբանություն լինելու վերաբերյալ: Ընդամենը կան հիմնավորված կասկածներ Գյումրու Ռուսթավելի եւ Սայաթ-Նովա փողոցների խաչմերուկում տեղի ունեցած խուլիգանության վերաբերյալ»:

Քննիչի խոսքով, մի շարք խուզարկություններ են կատարվել հանցագործության զենքը հայտնաբերելու ուղղությամբ, որի համար էլ կատարվել են մի շարք բնակարանային խուզարկություններ: