Արեւելյան գործընկերության 2012թ-ի տարեկան գործողությունների ծրագրի շրջանակներում Եվրոպական հանձնաժողովը հաստատել է Հայաստանում դատաիրավական բարեփոխումներին ուղղված ֆինանսական աջակցության չափը:

Եվրոպական Հանձնաժողովի մամուլի ծառայությունից հայտնում են, որ ֆինանսական օժանդակությունը տրամադրվելու է երկկողմ համագործակցության պլատֆորմի, ԵՄ-ի հետ քաղաքական ասոցացման եւ տնտեսական ինտեգրման շրջանակներում: Ընդհանուր առմամբ դատաիրավական բարեփոխումների այս տարվա ծրագրի համար ԵՄ-ն Հայաստանին կտրամադրի 60 մլն եվրո:

Օժանդակությունը կներառի ոլորտին առնչվող տեղական կառույցների աշխատակիցների վերապատրաստում, դատավորների, իրավաբանների եւ դատախազների համար վերապատրաստման կենտրոնների ստեղծում: Օժանդակության հիմնական նպատակն է անկախ, թափանցիկ եւ արդյունավետ դատական համակարգի ստեղծումը, որը կծառայի հայ ժողովրդին:

Ֆինանսավորում կուղղվի նաեւ այն կառույցներին, որոնք պատասխանատու են բանակցությունների փուլում գտնվող ԵՄ-Հայաստան պայմանագրերի, մասնավորապես, Ասոցացման համաձայնագրի, Խորը եւ համապարփակ ազատ առեւտրի համաձայնագրի եւ Վիզային ռեժիմի դյուրացման եւ ռեադմիսսիայի պայմանագրերի իրականացման համար: