Գյումրիում շրջանառվող լուրերի համաձայն` քաղաքապետ Վարդան Ղուկասյանի եղբորը`Գեւորգ Ղուկասյանին պատկանող «Հրաշքների աշխարհ» մանկական խաղասրահի դիմաց օրեր առաջ հնչած կրակոցների պատճառն այն է, որ քաղաքապետի որդին` Սպարտակը, որոշել էր, այսպես ասած, խելքի բերել իր հին ընկերոջը` ավագանու անդամի թեկնածու Էդգար Մկրտչյանին:
«Առավոտի» փոխանցմամբ, բանն այն է, որ վերջինս, լինելով Սպարտակի մտերիմը, Երկաթգծի Նորավան թաղամասում իր թեկնածությունն էր առաջադրել Սամվել Բալասանյանի կողմից պաշտպանվող «Աշխատանք եվ արժանապատվություն» նախաձեռնության խմբով: Գյումրեցիների բնութագրելով` նա եւս թաղային հեղինակություն է: Այս երիտասարդը, ի տարբերություն շատ եւ շատ ավագանու թեկնածուների, նախընտրական շտաբ է բացել, պատին Սամվել Բալասանյանի մեծ նկարն է փակցրել, թաղի տղաներին էլ հորդորել է աշխատել պարոն Բալասանյանի օգտին: Այս փաստը անչափ զայրացրել է Սպարտակ Ղուկասյանին, ով իր շրջապատի հետ հայտնվելով Էդգար Մկրտչյանի նախընտրական շտաբի դիմաց` նրանից բացատրություն է պահանջել `հարցնելով` ինչո ՞ւ միացար Բալասանյանին, քեզ դա ի ՞ նչ օգուտ կտա: Էդգար Մկրտչյանը սկզբում փորձել է բացատրել, որ ինքը ամենեւին էլ չի դավաճանել Ղուկասյաններին, քանի որ Վարդան Ղուկասյանը չի առաջադրել իր թեկնածությունը, հետեւաբար եւ ինքը սխալ քայլ չի կատարել` սատարելով Բալասանյանին: Սպարտակը շարունակել է վիճաբանությունը `մեկ անգամ եւս պնդելով պատասխանել այն հարցին, թե ի՞նչ կտա իրեն Բալասանյանը: «Ասենք թե Գծի հետեւի թաղի մառշուտկի գիծը, հետո՞», -այսպիսի սպառիչ պատասխան է տվել ավագանու թեկնածուն, որն էլ այնպես է հունից հանել Սպարտակին, որ սկսվել է ծեծկռտոց նրա ու էդգար Մկրտչյանի շրջապատի միջեւ: «Բալասանյանն ո՞վ է , որ գիծ տա, էս քաղաքում բոլոր գծերն էլ տեր ունեն», -անձնուրաց գոռացել է Սպարտակը ու վիճաբանությունը թեժացրել:
Այս միջադեպը, ըստ մեր տեղեկությունների, ընդհատվել է ոստիկանների միջամտությամբ, սակայն շարունակությունը տեղափոխվել է Գյումրու կենտրոն` Սայաթ-Նովա եւ Ռուսթավելի փողոցների խաչմերուկ: Այս անգամ Սպարտակը զայրացել է ու ռազբորկա է սկսել ավագանու թեկնածուի հետ «ինչո՞ւ վրեքս միլիցիա բերիք» թեմայով: Ավագանու թեկնածուն, եւս լինելով թաղային հեղինակություն, որի սկզբունքներին եւս դեմ է ոստիկանությանը դիմելը, գործ տվողի անունը պատիվ չի բերում, սկզբում արդարացել է, որ «միլիցեքին» ոչ թե ինքն է հրավիրել, այլ թաղի մարդիկ, սակայն սա քաղաքապետի որդուն ընդհանրապես չի հետաքրքրել: Այստեղ էլ երկուսի շրջապատի միջեւ սկսվել է ծեծկռտուք, հնչել են սեռական բնույթի հայհոյանքներ, ինչն էլ ի վերջո ավարտվել են կրակոցներով: Նախաքննական մարմինը եւս հաստատում է, որ Սպարտակ Ղուկասյանի ու Էդգար Մկրտչյանի կողմնակիցների միջեւ ծագած վիճաբանության դրդապատճառը եղել է ավագանու այս թեկնածուի կողմից Սամվել Բալասանյանի թեկնածությունը պաշտպանելը:




























