ՀՅԴ Կապանի «Արամ Մանուկյան» կոմիտեն հայտարարություն է տարածել Կապանի գործող քաղաքապետ, քաղաքապետի թեկնածոի Արթուր Աթայանի ինքնաբացարկի վերաբերյալ:

Հայտարարության մեջ, մասնավորապես, ասվում է.

«Տեղական ընտրությունների կապանյան ընթացքը ցույց է տալիս, որ այն հեռու է ընտրություն կոչվելուց: Մրցապայքարի հենց սկզբից պարզ դարձավ, որ իշխանությունը խնդիր է դրել ամեն գնով փոխել մարզկենտրոնի քաղաքապետին` այդ ճանապարհին կանգ չառնելով որեւէ միջոցի առաջ: Սյունիքի մարզպետը, Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի տնօրենը, ուժային կառույցների ղեկավարները,  իշխանության այլ ներկայացուցիչներ ահաբեկման, վախի, շանտաժի մեթոդներ էին կիրառում իրենց ենթակա հիմնարկների աշխատակիցների, գործարարների նկատմամբ:

Կապանի գործող քաղաքապետը, ով ինչպես այս, այնպես էլ նախորդ անգամ մրցապայքարի էր ելել ինքանառաջադրման եղանակով, ցանկություն էր հայտնել վերընտրվել: Արթուր Աթայանին պաշտպանելու պատրաստակամություն էին հայտնել մի շարք քաղաքական եւ հասարակական կազմակերպություններ, այդ թվում ՀՅԴ Կապանի «Արամ Մանուկյան» կոմիտեն: Մեզ համար անընդունելի է տեղական ընտրության կուսակցականացումը` հաշվի առնելով, որ հատկապես փոքր քաղաքներում կրքերի շիկացումը հանգեցնում է ակնհայտ թշնամանքի, 1937թ. հիշեցնող մթնոլորտի:  

Գործող քաղաքապետի ընտրապայքարից հարկադրական հրաժարումը եւ ԶԼՄ-ներով նրա տարածած հայտարարությունը բացահայտում են Կապանում տեղի ունեցողի ողջ անօրինականությունը:

Արդյունքում իշխանական-հանրապետական թեկնածուն մնացել է առանց մրցակցի: Ելնելով Կապանում ստեղծված վիճակից` ՀՅԴ Կապանի «Արամ Մանուկյան» կոմիտեն դիմում է հանրապետության ղեկավարությանը` պահանջելով վերջ տալ ընտրություն կոչվող ներկայացմանը: Առաջարկում ենք` անվավեր ճանաչել այս ընտրությունը, պատժել բոլոր այն պաշտոնյա-պատասխանատուներին, ում ջանքերով հերթական կոչված ընտրությունը վերածվեց ֆարսի:

Նախագահական ընտրությունից առաջ նմանատիպ ՏԻՄ ընտրությունները մտահոգիչ են:  Պահանջում ենք քաղաքական եւ իրավական գնահատական տալ կատարվածին: Եթե «ընտրություն» կոչված այս ներկայացումը այնուամենայնիվ  կայանա, կապանցիներին կոչ ենք անելու բոյկոտել եւ մասնակից չդառնալ այդ խայտառակությանը»:

Ինչպես ավելի վաղ NEWS.am-ին ասել էր թիվ 38 ԸԸՀ նախագահ Սերգեյ Սարգսյանը, Կապանի քաղաքապաետի թեկնածու, գործող քաղաքապետ Արթուր Աթայանը ինքնաբացարկի դիմում է ներկայացրել թիվ 38 ընտրատարածքային հանձնաժողովին: Այսօր` օգոստոսի 30-ին, ժամը 18-ին ավարտվում է ինքնաբացարկ ներկայացնելու վերջնաժամկետը, եւ Աթայանը այսօր ներկայացրել է դիմումը:

Նշենք, որ Արթուր Աթայանը ՀՅԴ անդամ է եւ 2008-ից ղեկավարում էր Կապանը: Նա հայտարարություն էր տարածել` նշելով, որ ինքնաբացարկի պատճառը ճնշումներն են:

Այժմ Կապանում մնացել է մեկ թեկնածու, ՀՀԿ-ական Աշոտ Հայրապետյանը, ով էլ հաստատապես կդառնա քաղաքապետ: