Երեւանի պետական տնտեսագիտական համալսարանի մոտակա ստորգետնյա անցումում 27-28 տարեկան երիտասարդը մի ուսանողուհու անառակաբարո առաջարկություն է կատարել։ NEWS.am-ն իր աղբյուրներից տեղեկացել է, որ դեպքը տեղի է ունեցել օգոստոսի 29-ին, ժամը 16.30-ի սահմաններում։ Երեւանի պետական տնտեսագիտական համալսարանի 3-րդ կուրսի 20-ամյա մի ուսանողուհի ահազանգել է ոստիկանության Երեւան քաղաքի վարչության հերթապահ մաս եւ հայտնել, որ նշված համալսարանի մոտ գտնվող գետնանցումում իրեն է մոտեցել 27-28 տարեկան, տարօրինակ վարք դրսեւորող մի երիտասարդ եւ անառակաբարո առաջարկություն կատարել:

Դեպքի վայր մեկնած ոստիկաններին նա հաղորդում է տվել, որ ԵՊՀ 4-րդ կուրսում սովորող 21-ամյա քրոջ հետ, տնտեսագիտական համալսարանի մոտ՝ Նալբանդյան փողոցում գտնվող գետնացումն անցնելու ժամանակ, 27-28 տարեկան անծանոթը՝ բռնելով իր թեւից փորձել է սեքսուալ բնույթի գործողություններ կատարել իր նկատմամբ, սակայն օգնության ձայն բարձրացնելուց հետո երիտասարդը դիմել է փախուստի:

Ոստիկանությունից հաստատեցին մեր ունեցած տեղեկությունները եւ հայտնեցին, որ կատարվում է հետաքննություն: