Ոստիկանության պետ Վլադիմիր Գասպարյանը օգոստոսի 30-ին աշխատանքային հանդիպում է ունեցել Ճանապարհային ոստիկանության աշխատակիցների հետ, որի ընթացքում առաջադրել է կոնկրետ խնդիրներ ու պահանջներ, տվել հանձնարարականներ եւ նշել արձանագրված թերությունների վերացման եղանակներն ու ժամկետներ: Ինչպես նշված է ոստիկանության պաշտոնական կայքում, հանդիպման օրակարգում ոստիկանության ներքին անվտանգության վարչության կողմից կատարված մի քանի օրվա ստուգումների արդյունքներն են եղել, որոնք մտահոգության տեղիք են տվել:

Գասպարյանն անդրադարձել է պարեկային անձնակազմերի կողմից ծառայողական կարգապահության, էթիկայի եւ ճանապարհային երթեւեկության կանոնների խախտման, տեսագրող եւ արագաչափ սարքերի տեխնիկական վիճակի ու սարքինության, պարեկային մեքենաների տեղաշարժի կարգը պահպանելու եւ մի շարք այլ խնդիրների:

Ոստիկանության պետը պահանջել է վերանայել օրինազանց վարորդներին տուգանելու կարգը` նկատի ունենալով, որ քաղաքացի-դրամ-ոստիկան հարաբերությունները կոռուպցիոն ռիսկերի դաշտում են եւ վնասում են ոստիկանության հանդեպ հասարակական վստահության ամրապնդման գործընթացին:

Վերլուծելով թվարկված խախտումների պատճառները` Վլադիմիր Գասպարյանը պահանջել է շուտափույթ վերացնել թերությունները:

Ստուգումների արդյունքներով` ծառայողական խախտումներ կատարած երկու տասնյակից ավելի ճանապարհային ոստիկաններ ենթարկվել են պատասխանատվության` ստացել են տույժեր, զգուշացվել զբաղեցրած պաշտոնին չհամապատասխանելու մասին, ուղարկվել կադրերի ռեզերվ, ծառայության տեղափոխվել այլ ստորաբաժանումներ: Տույժեր են ստացել նաեւ ստուգման ենթարկված վաշտերի հրամանատարները: Մի շարք խախտումներով ծառայողական քննությունները շարունակվում են:

Ըստ պաշտոնական տեղեկության՝ Ճանապարհային ոստիկանության գործունեության ստուգումները շարունակական են լինելու, եւ հիմնավորվելու դեպքում այդ նյութերը կուղարկվեն Հատուկ քննչական ծառայություն, հավաստիացրեց ոստիկանության պետ Վլադիմիր Գասպարյանը, իսկ նպատակը այդ ոլորտի արմատական ու վերջնական բարեփոխմանը հասնելն է, ինչը ոչ միայն ոստիկանության ղեկավարության, այլեւ հասարակության անվերապահ պահանջն է: