Երեւանի թիվ 10 ընտրատարածքի բոլոր 34 ընտրատեղամասերում ժամը 20-ին փակվել են բոլոր ընտրատեղամասերի դռները, եւ հանձնաժողովները անցել են ձայների հաշվարկմանը: Նախնական տվյալներով, ընտրություններին այս ընտրատարածքում մասնակցել է գրանցված 55851 ընտրողներից 13566-ը կամ 24,3 տոկոսը: Այդ մասին NEWS.am-ին հայտնեց թիվ 10 ԸԸՀ նախագահ Սիլվա Մարկոսյանը:

Լրացուցիչ ընտրություններն աչքի ընկան աննախադեպ ցածր ակտիվությամբ: 2007թ. մայիսի 12-ին նույն ընտրատարածքում տեղի ունեցած ընտրություններին, երբ պատգամավոր էր ընտրվել գործարար Խաչատուր Սուքիասյանը, մասնակցել էին 29300 ընտրողներ: Հիշեցնենք, որ թիվ 10 ընտրատարածքում որպես թեկնածու են առաջադրվել «Հայկական ժամանակ» օրաթերթի գլխավոր խմբագիր Նիկոլ Փաշինյանը, մարքսիստ Դավիթ Հակոբյանը եւ Արա Սիմոնյանը՝ «Ազգային Միաբանությունից»: