Բնականաբար Գյումրու ճակատագրով մտահոգված եւ առհասարակ քաղաքակիրթ մարդու համար պետք է անհանգստացնող լինի տեղի ունեցող ցանկացած վեճ եւ վիճաբանություն, էլ չեմ խոսում հնչող կրակոցների մասին: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց ԱԺ ԲՀԿ-ական պատգամավոր, Գյումրի քաղաքապետի թեկնածու Սամվել Բալասանյանը` անդրադառնալով օրեր առաջ տեղի ունեցած կրակոցներին:

«Ինչ վերաբերվում նրան, թե անդրադարձել է դա արդյոք այն իմ նախընտրական քարոզարշավի վրա, ասեմ, որ քարոզարշավն ընթանում է իր նորմալ ու բնականոն հունով: Իմ հանդիպումներն անցնում են լեփ լեցուն դահլիճներում, կա ազատ խոսք, ինչու չէ նաեւ ոգեւորություն շատ գյումրեցիների շրջանում: Ինքս էլ առիթ ունեցել եմ մի քանի անգամ ազատ, արդար եւ քաղաքակիրթ ընտրապայքար մղելու կոչ անել բոլորին»,- ավելացրեց Սամվել Բալասանյանը:

ԱԺ ԲՀԿ-ական պատգամավորը նշեց, որ ինքը ներկա պահին հիասթափված է, ոչ թե Գյումրիում տեղի ունեցող իրադարձություններից, այլ այսօր ստացած տեղեկությունից:  «Այո` ես այսօր հիասթափված եմ եւ իմ հիասթափվածության պատճառն այսօր ստացած տեղեկությունն է, որ տականք Սաֆարովն ազատության մեջ է գտնվում, այո նաեւ հիասթափված եմ եւ հիասթափված եմ հունգարական արդարադատությունից եւ գտնում եմ, որ աշխարհի հայությունը պետք է համախմբի ջանքերը` արդարությունը վերականգնելու համար»,- առաջարկեց Սամվել Բալասանյանը: