Հայաստանի ազգային ժողովի եվրոպական ինտգրաման մշտական հանձնաժողովի նախագահ, ԵԽԽՎ-ում հայկական պատվիրակության անդամ Նաիրա Զոհրաբյանն այսօր ԵԽԽՎ-ում Հունգարիայի պատվիրակության անդամներին է նամակ է տարածել, որում մասնավորապես ասված է.

«Հունգարիայի արդարադատությունը Ադրբեջանին արտահանձնեց 2004 թվականին Բուդապեշտում խաղաղ քնած հայ սպային կացնահարած մարդասպան Ռամիլ Սաֆարովին։ Մարդասպան, որը հայ սպային կացնահարել էր միայն նրա համար, որ վերջինս հայ է։ Ցմահ ազատազրկման  դատապարտված եւ 30 տարի ներման իրավունքի համար դիմելուց զրկված մարդասպանին հենց Ադրբեջանի օդակայանում Ադրբեջանի նախագահ Ալիեւը ներում շնորհեց։ Այն, որ Ադրբեջանում հայատյացությունը պետական քաղաքականություն է՝ դա որեւէ մեկի համար նորություն չէ։

Այն, որ Ադրբեջանի քաղաքական ու հասարակական միտքը Սաֆարովին համարում է ազգի հերոս,  քանզի նրանց համար հային կացնահարածը ամենամեծ հերոսն է, դա եւս փաստ է։ Ինձ համար, որպես պատգամավորի եւ քաղաքացու, որպես ԵԽԽՎ հայկական պատվիրակության անդամի, անհասկանալի եւ դատապարտելի է ԵՄ անդամ Հունգարիայի նման որոշումը։ Այլ գնահատական տալ կատարվածին, քան այն, որ ձեր երկրի իշխանությունները գործարքի են գնացել մարդասպան ծնած երկրի հետ,  հնարավոր չէ։ Հունգարիայի արդարադատության քայլն աննախադեպ էր իր  ցինիզմով՝ ազգային հողի վրա սպանություն կատարած հրեշին հանձնել այն երկրին, որտեղ նման հանցագործությունը համարվում է ազգային հերոսություն։ Նման քայլ կատարելով, փաստորեն, Հունգարիան քաջալերում է նման հանցագործությունները եւ ուղղակի պատասխանատվություն է կրում տեղի ունեցած աննախադեպ խայտառակության եւ դրա հնարավոր բոլոր հետեւանքների համար։

Ես հույս ունեմ, որ ԵԽԽՎ-ում Հունգարիայի  պատվիրակության անդամները եւս կդատապարտեն Հունգարիայի այս որոշումը եւ մեզ հետ միասին բողոքի իրենց ձայնը կբարձրացնեն հանուն արդարության եւ հանուն այն արժեքների, որոնք մեզ բոլորիս միավորում են մի մեծ ընտանիքում, որի անունն է Եվրոպայի Խորհուրդ»:

NEWS.am-ն ավելի վաղ հաղորդել էր, որ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը իր հրամանագրով ներում է շնորհել 2004թ. Բուդապեշտում հայ սպա Գուրգեն Մարգարյանին կացնահարած Ռամիլ Սաֆարովին։ Հայաստանի պետական կառույցները առայժմ չեն մեկնաբանում տեղի ունեցածը։

Հիշեցնենք, որ 2004թ. փետրվարի 19-ին Հայաստանի Զինված ուժերի սպա Գուրգեն Մարգարյանը, ով գործուղման էր ուղարկվել Բուդապեշտ ՆԱՏՕ-ի «Գործընկերություն հանուն խաղաղության» ծրագրով անգլերենի դասընթաց անցնելու, քնած ժամանակ դաժանաբար սպանվել էր Ռամիլ Սաֆարովի կողմից: Ադրբեջանցին հրոսակը հայ սպային սպանել էր կացնով:

Սաֆարովին մեղադրանք էր առաջադրվել Հունգարիայի Քր.օր.-ի 166.2 (Սպանություն ծանրացուցիչ հանգամանքներում) հոդվածով: Սաֆարովը 2006թ. ապրիլի 13-ին ցմահ ազատազրկման էր դատապարտվել` առանց 30 տարի ներման իրավունք: Հունգարիայի Վերաքննիչ դատարանը 2007թ. փետրվարի 22-ին անփոփոխ էր թողել դատավճիռը: