«Հունվարի 10-ին, ժամը 14.45-ին, քաղաքացուց ոստիկանության Կենտրոնականի բաժնում ահազանգ է ստացվել, որ Ջոն Կիրակոսյանի անվան թիվ 20 միջնակարգ դպրոցում տեղակայված թիվ 10/09 ընտրատեղամասի դիմաց վիճաբանություն է տեղի ունենում:
Պարզվել է, որ ԱԺ պատգամավորության թեկնածու Արա Սիմոնյանի վստահված անձ, 1964 թ. ծնված Տիգրան Մուրադյանի հետ վիճաբանել են ԱԺ պատգամավորության թեկնածու Նիկոլ Փաշինյանի վստահված անձինք` 1950 թ. ծնված Պետրոս Մակեյանը, 1979 թ. ծնված Կարեն Մակեյանը և 1983 թ. ծնված Սուրեն Մարտիրոսյանը:
Վիճաբանության ընթացքում Պետրոս և Կարեն Մակեյաններն ու Սուրեն Մարտիրոսյանը ծեծի են ենթարկել Տիգրան Մուրադյանին և մարմնի տարբեր մասերում պատճառել սալջարդեր:
Նույն օրը, ժամը 15.35-ին, Երևանի թիվ 1-ին համալսարանական հիվանդանոցից ահազանգ է ստացվել, որ իրենց մոտ բուժօգնության են դիմել Սուրեն Մարտիրոսյանը` դեմքի մասում ստացած սալջարդով, Պետրոս Մակեյանը` քթի մասում ստացած սալջարդով ու գանգուղեղային վնասվածքներով, և Կարեն Մակեյանը` թիկունքի մասում ստացած քերծվածքներով: Տիգրան Մուրադյանից ընդունվել է հաղորդում և տրվել դատաբժշկի ուղեգիր: Կատարվում է հետաքննություն»,- ասված է ոստիկանության հայտարարության մեջ:
Հիշեցնենք, որ երեկ կեսօրին մոտ ՀԱԿ-ի մամուլի քարտուղար Արման Մուսինյանը NEWS.am-ին հայտնել էր, որ Ջոն Կիրակոսյանի անվան թիվ 20 դպրոցում տեղակայված թիվ 10/9 ընտրատեղամասում Նիկոլ Փաշինյանի վստահված անձ, «Ժողովրդավարական Հայրենիք» կուսակցության նախագահ Պետրոս Մակեյանի եւ եւս 2 հոգու վրա են հարձակվել ինչ-որ մարդիկ եւ ծեծի ենթարկել: Մակեյանին ու այդ անձանց տեղափոխել են 1-ին հիվանդանոց, ապա Սուրբ Գրիգոր Լուսավորիչ հիվանդանոց: Նրան նաեւ դատաբժշկի ուղեգիր է տրվել, քանի որ լուրջ մարմնական վնասվածքներ է ստացել:
Պ. Մակեյանի հետ միասին ծեծի էին ենթարկվել նաեւ նրա որդին՝ Կարեն Մակեյանն ու թեկնածու Նիկոլ Փաշինյանի վստահված անձ Սուրեն Մարտիրոսյանը: Մակեյանների եւ վստահված անձի վրա էին հարձակվել մոտ երկու տասնյակ անձինք, իսկ ոստիկաններն այդ ընթացքում որեւէ քայլ չեն ձեռնարկել հանցագործությունը կանխելու համար:
Լուսանկարը՝ Գագիկ Շամշյանի




























