Երեւանի Նալբանդյանի եւ Արամի փողոցների խաչմերուկում, հունիսի 22-ի գիշերը, վթարի ենթարկվելու հետեւանքով վիրահատություններից հետո  հաղորդավար, շոումեն Մարկ Սաղաթելյանը  այսօր` սեպտեմբերի 1-ին` իր ծննդյան օրը, ոտքի է կանգնել: Այս մասին Մարկ Սաղաթելյանը գրել է «Ֆեյսբուքի» իր էջում:

Հաղորդավարը նախ շնորհակալություն է հայտնել տարեդարձի կապակցությանբ ստացած շնորհավորանքների համար եւ նշել. «Սիրելի ընկերներ, ծանոթներ, բարեկամներ, սա իսկական երջանկություն է, որ դուք կաք իմ կյանքում: Շնորհակալ եմ շնորհավորանքների, ինչպես նաեւ այս 2,5 ամիսների ընթացքում ինձ սատար կանգնելու համար: Այսօր ինձ մոտ կրկնակի տոն է: Այսօր ես առաջին անգամ վթարից հետո ոտքի եմ կանգնել, վերածնված մարդու աննկարագրելի զգացողություններ: Կրկին  շնորհակալ եմ բոլորիդ, որ իմ կողքին եք»:

Հիշեցնենք, որ  Երեւանի Նալբանդյանի եւ Արամի փողոցների խաչմերուկում հունիսի 22-ին՝ ժամը 01.35-ի սահմաններում վթարի էին ենթարկվել պրոդյուսեր Գրիգոր Նազարյանն ու եւ հաղորդավար, շոումեն Մարկ Սաղաթելյանը:

Դեռեւս չպարզված հանգամանքներում բախվել էին «Оպել» մակնիշի 30 ՏԼ 173 համարանիշի եւ «Ֆոլքսվագեն» մակնիշի 14 ՏՕ 811 համարանիշի ավտոմեքենաները, ինչի հետեւանքով «Ֆոլքսվագեն»-ի վարորդ` 41-ամյա Գրիգոր Նազարյանը եւ ուղեւոր՝ 41-ամյա Մարկ Սաղաթելյանը տեղափոխվել էին թիվ 1 համալսարանական հիվանդանոց: Կլինիկայի բժիշկ Իրինա Մալխասյանը հայտնել էր, որ նրանք տեղափոխվել են հետտրավմատիկ շոկով, երկուսի մոտ էլ կան կոտրվածքներ` կոնքոսկրի, պարանոցի եւ ողերի: Գրիգոր Նազարյանի մոտ կան նաեւ ավելի բարդ կոտրվածքներ: Տեղեկացրել էինք նաեւ, որ վթարի ենթարկվելու փաստի առթիվ Ճանապարհատրանսպորտային հանցագործությունների քննության բաժնում նախապատրաստված  նյութերով քրեական գործի հարուցումը մերժվել է: Այս մասին NEWS.am-ի թղթակցին հայտնել էին Ոստիկանության լրատվական ծառայությունից: