Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր` սեպտեմբերի 1-ին աշխատանքային այցով մեկնել է Արմավիրի մարզ:
Նախագահի մամուլի գրասենյակից հայտնում են, որ նա ներկա է գտնվել Արտամետ համայնքի նորակառույց դպրոցի բացման արարողությանը, որի հիմնարկեքին մասնակցել էր դեռեւս 2007թ. հուլիսի 28-ին՝ ՀՀ վարչապետի պաշտոնում Արմավիրի մարզ կատարած աշխատանքային այցի ժամանակ:
Հանրապետության ղեկավարի հանձնարարությամբ ՀՀ կրթության եւ գիտության նախարարության կողմից դպրոցին տրամադրվել է 10 համակարգիչ:
Բաղրամյանի տարածաշրջանի Վանանդ համայնքում Նախագահը մասնակցել է «Եվրոթերմ» ընկերության «Նոյան» պտուղ-բանջարեղենի վերամշակման գործարանի բացման արարողությանը: Գործարանի հիմնարկեքի արարողությունը տեղի է ունեցել ս.թ. հունվարի 13-ին Սերժ Սարգսյանի մասնակցությամբ:
Ընկերության պատասխանատուները ներկայացրել են գործարանի ընթացիկ աշխատանքներն ու առաջիկա ծրագրերը, ընդգծել, որ շնորհիվ ներկրված բարձրակարգ սարքավորումների, արտադրվող խտահյութերի որակի 15 հազար տոննա խտահյութ տարեկան արտադրողականությամբ գործարանը համապատասխանում է եվրոպական չափանիշներին: Շրջայցի ավարտին Սարգսյանը խորհրդակցություն է հրավիրել գյուղատնտեսական մթերք վերամշակող ընկերությունների ղեկավարների մասնակցությամբ:
Հանդիպմանը ՀՀ գյուղատնտեսության նախարարը եւ վերամշակող ընկերությունները Հանրապետության նախագահին ներկայացրել են ընթացիկ տարում պտուղ-բանջարեղենի մթերման, ինչպես նաեւ արտահանման հետ կապված խնդիրներն ու մտահոգությունները: Ծավալված քննարկման արդյունքում նա համապատասխան գերատեսչությունների ղեկավարներին հանձնարարվել է բարձրացված խնդիրների լուծման ուղղությամբ անհրաժեշտ քայլեր ձեռնարկել: Նա, մասնավորապես, նշել է, որ ձեռնարկվելիք քայլերի հիմքում պետք է լինի պետություն-վերամշակող ձեռնարկություններ համատեղ եւ արդյունավետ աշխատանքը, որի արդյունքում հնարավոր կլինի բարձրացված խնդիրների լուծման ուղղությամբ առաջխաղացում արձանագրել:































