Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովի՝ Հայաստան կատարելիք այցի ընթացքում ուշադրության կենտրոնում է ղարաբաղյան կարգավորման բանակցային գործընթացի շարունակման հարցով մտքերի փոխանակումը՝ հակամարտության կարգավորման գործում Ռուսաստանի նախաձեռնած միջնորդական ջանքերի համատեքստում: Այդ մասին հունվարի 11-ին հայտարարել է Ռուսաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Անդրեյ Նեստերենկոն՝ հավելելով, որ կողմերը մտադիր են քննարկել նաեւ երկկողմ համագործակցության արդիական արտաքին քաղաքական հարցերն ու իրավիճակը Հարավային Կովկասում:

«Հունվարի 13-14-ը Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովն աշխատանքային այցով կայցելի Հայաստանի Հանրապետություն՝ ընդունող կողմի հրավերով: Այցի ընթացքում նախատեսվում է Սերգեյ Լավրովի հանդիպումը Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի հետ, բանակցություններ Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանի հետ»,- ասել է Նեստերենկոն:

Գնահատելով երկու երկրների միջեւ հարաբերությունների զարգացման դինամիկան՝ ռուսական ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչը նկատել է, որ երկկողմ հարաբերությունների կարգավորումը կրում է առաջադիմող եւ բազմապլան բնույթ: «Կա պարբերական քաղաքական երկխոսություն՝ ամենաբարձր մակարդակով, ինչը հաստատում է ռուս-հայկական գործընկերային կապերի հետագա խորացման փոխադարձ ցանկությունը»,- նշել է նա՝ հիշեցնելով 2009թ. երկու երկրների նախագահների բազմաթիվ հանդիպումների մասին:

Ինչպես նշել է Նեստերենկոն, չնայած գլոբալ ճգնաժամային դրսեւորումներին, ռուս-հայկական առւետրա-տնտեսական, ռազմա-քաղաքական, հումանիտար եւ միջտարածաշրջանային փոխգործակցությունը ցուցադրում է զարգացման դրական դինամիկա: