«ՆԱՍԴԱՔՕԷՄԷՔՍ Արմենիա» բորսայում այսօր՝ սեպտեմբերի 3-ին ամերիկյան դոլարի միջին փոխարժեքը հայկական դրամի նկատմամբ կազմել է 409 դրամ: Նախորդ առեւտրային նստաշրջանի (օգոստոսի 31) համեմատ դոլարը թանկացել է 0.25%-ով կամ 1 դրամով:
Ընդհանուր առմամբ` բորսայում այսօր վաճառվել է 200 հազ. դոլար, տեղի է ունեցել ընդամենը 2 գործարք: Առեւտրային նստաշրջանի վերջում դոլարն արդեն պահանջարկ էր վայելում 409,55 դրամով, ուստի առաջիկա օրերին դոլարի հետագա թանկացումն առավել հավանական է:
Կանխիկ արտարժույթի շուկայում դոլարը կտրուկ թանկացել է: Որոշ բանկեր դոլարի առքի փոխարժեքը հասցրել են մինչեւ 409 դրամ, թեեւ հանգստյան օրերին այդ գնով վաճառք կար: Դոլարի վաճառքի առավել տարածված փոխարժեքը 411 դրամն է:
Forex միջազգային շուկայում եվրոն փոքր-ինչ թուլացել է դոլարի նկատմամբ:Եվրոյի փոխարժեքը գտնվում է 1.257 դոլարի սահմաններում: Ռուսաստանի միջբանկային արժութային շուկայում դոլարն, ընդհակառակը, էժանացել է` 1 դոլարն արժե 32.4171 ռուբլի:




























