Ղազախստանը, իբրեւ ԵԱՀԿ նախագահող երկիր, կարող է խթանել ԵԱՀԿ անդամ-երկրների տարածքում գոյություն ունեցող «խճճված խնդիրների» լուծման գործընթացը։ Այս մասին հայտարարել է Ղազախստանի արտաքին գործերի նախարար Կանատ Սաուդաբաեւը՝ Մեծ Բրիտանիայի ԱԳ նախարար Դեյվիդ Միլիբենդի հետ հեռախոսազրույցի ժամանակ։

Զրույցի ընթացքում կողմերը կարեւորել են «ձգձգված հակամարտությունների» լուծմանն ուղղված բազմակողմանի ջանքերի ապահովումը ԵԱՀԿ-ի տարածքում, որը հիմնականում ընդգրկում է նախկին Խորհրդային Միության տարածքը։

Kazakhstan Today-ը գրում է, որ Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաեւի ունեցած խորը գիտելիքները հակամարտությունների պատմության եւ նրանց վիճակի մասին, վստահություն, հարգանք են հաղորդում նրա անձի նկատմամբ ԱՊՀ տարածքում եւ հույս ներշնչում, որ Ղազախստանը, իբրեւ ԵԱՀԿ-ի նախագահող երկիր, կարող է խթանել «ձգձգված հակամարտությունների» լուծման գործընթացը։

Հիշեցնենք, որ 2010 թվականի ընթացքում ԵԱՀԿ-ն նախագահելու է Ղազախստանը։