Հունվարի 11-ին կայացած հանրահավաքի մասնակիցները Սահմանադրական դատարանից պահանջել են հակասահմանադրական կամ կիսահակասահմանդրական ճանաչել հայ-թուրքական արձանագրությունները։ Այս պահանջը նշված է եղել հանրահավաքի կազմակերպիչ Հայ հեղափոխական դաշնակցության հայտարարությունում, որը հրապարակվել է Սահմանադրական դատարանի դիմաց տեղի ունեցած բողոքի ակցիայում։

ՀՅԴ համոզմամբ, հայ-թուրքական արձանագրություններում թուրքերը 3 նախապայման են առաջադրել, ինչն անընդունելի է։ Սահմանադրական դատարանի անդամներին ուղղված հայտարարությունում նշվել է, որ արձանագրությունների վավերացումը խաչ կքաշի Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման գործընթացին, եւ թույլ չի տա հարցականի տակ առնել հայ-թուրքական դե-ֆակտո գոյություն ունեցող սահմանները, քանի որ իրավական հենք կստեղծի գոյություն ունեցող սահմանի համար՝ ամրագրելով Կարսի եւ Մոսկվայի հակաիրավական պայմանագրերը։

Ըստ Դաշնակության՝ թուրքերի երրորդ նախապայմանը հայ-թուրքական հարաբերությունների կարգավորումը եւ Լեռնային Ղարաբաղի հարցի լուծումը փոխկապակցելու եւ ադրբեջանամետ լուծում տալու փորձերն են։

Սահմանադրական դատարանի անդամներին ուղղված հայտարարությունում նաեւ նշվել են արձանագրությունների ստորագրման ժամանակ ընթացակարգում տեղի ունեցած խախտումների մասին։

Նշենք, որ հունվարի 12-ին ՀՀ սահմանադրական դատարանը կսկսի քննարկել հայ-թուրքական արձանագրությունների երկրի գլխավոր օրենքին համապատասխանության հարցը։

Տեղեկացնենք, որ ՀՅԴ-ն հանրահավաքը հրավիրել էր Վ.Ի. Լենինի ամենահավատարիմ կողմնակիցներից մեկի, Բաքվի կոմունայի անդամ Ստեփան Շահունյանի արձանի մոտ, ըստ երեւույթին կազմակերպիչները մոռացել էին բոլշեւիկների հետ մոտ դարավոր թշնամանքի մասին։ Շահումյանի արձանի մոտից մասնակիցները երթով շարժվել են դեպի Սահմանադրական դատարան, որտեղ ընթերցել են հայտարարությունը։ ՀՅԴ ղեկավարներից բացի, հանրահավաքում ելույթ են ունեցել նաեւ Հայաստանի ռամկավար ազատական կուսակցության ատենապետ Հարություն Առաքելյանը, «Նոր ժամանակներ» կուսակցության ղեկավար Արամ Կարապետյանը։ «Ժառանգություն» կուսակցության անդամները հանրահավաքին ներկա են եղել, բայց ելույթ չեն ունեցել։