Երեւանի կենտրոնում գտնվող Եկմալյան փողոցի հարակից որոշ տարածքների նկատմամբ ՀՀ կառավարությունը կրկին կհայտարարի հանրային գերակա շահ: Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի կողմից ՀՀ կառավարությանը ներկայացրած տեղեկանքի համաձայն՝ տարածքը ներկայումս կառուցապատված է հին եւ խարխուլ, տարերայնորեն տեղակայված բնակելի տներով եւ շինություններով: Այդ շինությունները չեն համապատասխանում հակահրդեհային, սանիտարահիգիենիկ, քաղաքաշինական նորմերին եւ կարող են պատճառ հանդիսանալ արտակարգ իրավիճակների:
Նախատեսվում է, որ այդ տարածքը Գլխավոր պողոտայի հետ պետք է դառնա միասնական ճարտարապետական համալիր, պետք է կառուցվեն նոր բնակելի շենքեր ու ստորգետնյա ավտոկայանատեղիներ:
Նշենք, որ այդ տարածքի նկատմամբ հանրային գերակա շահ հայտարարվել էր նաեւ 2007 թ. սակայն «Նարեկգրադ» ընկերությունը (հիմնադիր՝ Գագիկ Պապոյան) չի կատարել ստանձնած պարտավորությունները: Ըստ ՀՀ կառավարության 2012 թ. սեպտեմբերի 6-ի նիստի հաստատմանը ներկայացրած նոր որոշման՝ Երեւանի քաղաքապետարանը ցանկանում է նոր ձեռքբերող գտնել:




























