Վլադիմիր Պուտինի դելտապլանով, որպես կռունկների երամի առաջնորդ թռչիք ունենալու մասին լուրը «պայթեցրել է» Ռուսաստանի բլոգոսֆերան։

Հիշեցնենք, որ «Ասիական-խաղաղօվկիանոսյան տնտեսական միության» գագաթաժողովին մասնակցելու համար Վլադիվոստոկ մեկնող ՌԴ նախագահը, ըստ տարածած հաղորդագրության, նախատեսում է կանգ առնել Յամալում, որտեղ պետք է փորձի դելտապլանով թռչել կռունկների հետ։

«Газета.Ру»-ի փոխանցմամբ՝ լրագրողներին թռիչքի վայր մուտքն արգելված է, որովհետեւ «կռունկները մարդկանց չպետք է տեսնեն»։

Ինչպես նշում է «Московский комсомолец»-ը, ռունետում կատակում են, թե Պուտինը կռունկներից մեկին նախագահի լիազոր անձ արդյոք կդարձնի՞, կամ կռունկները երամո՞վ են թռչելու, թե՝ խաչաձեւ, կամ էլ, թե ի՞նչ կարգով են կռունկները թռչելու՝ էկոնոմ, թե՝ բիզնես։ Բլոգերները նաեւ ծովախեցգետնի պատկերով դեմոտիվատորներ են տարածում, որոնց վրա նշված է «սողալու համար ծնվածը, չի կարող թռչել»։

Բլոգերներին հատկապես շատ է դուր եկել հաղորդագրության այն հատվածը, որը վերաբերում է թռիչքի համար նախատեսված նախագահական հանդերձանքին։ Պուտինին զգեստավորելու են սպիտակ խալաթով, սաղավարտով եւ կտուցով, որպեսզի կռունկները նրան երամի առաջնորդի տեղ դնեն։ Բլոգերներից Յուրի Սապրիկինը Facebook-ում նշել է. «Պուտինին կռունկների երամի առաջնորդ դարձնելու համար, բացի խալաթից, սաղավարտից եւ կտուցից, անհրաժեշտ է նաեւ կռունկի ձայներ հանել»։ Ռուսաստանցի ընդդիմադիր Ալեքսեյ Նավալնին ավելացրել է, թե կռունկների հաղորդակցման ձայներ հանելու համար պաշտոնով ավելի համապատասխանում է նախագահի մամուլի քարտուղարը։