Լեռնային Ղարաբաղի հակամարտության լուծման հարցում որոշակի առաջընթաց կա: Այսօր այս մասին Բաքվում կայացած ասուլիսում հայտարարել է Ադրբեջանի ԱԳ նախարար Էլմար Մամեդյարովը: «Սեպտեմբերին համանախագահները գալու են տարածաշրջան, որպեսզի նախապատրաստեն երկու նախագահների հնարավոր հանդիպումը Մոսկվայում: Ես զգում եմ, որ ԼՂ կարգավորման հարցում կա որոշակի առաջընթաց: Մոսկվայում նախագահների հանդիպումից հետո որոշ հույսեր են հայտնվել»,- ասել է նա: Նախարարի խոսքով, համաձայնագրի մի քանի սկզբունքներ հրապարակվել են եւ նրանց շուրջ աշխատանքները շարունակվում են:

«Հայկական զորքերը պետք է հեռանան գրավյալ տարածքներից եւ դրանից հետո կբարձրացվի փախստականների իրենց տարածքները վերադառնալու հարցը»,- ասել է Մամեդյարովն ու հավելել, որ պետք է աշխատանքներ տանել այդ հողերում ենթակառուցվածքները վերականգնելու ուղղությամբ, որի համար անհրաժեշտ են հսկայական միջոցներ եւ հնարավոր է, որ այդ հարցը քննարկվի Եվրամիությունում: «Երբ ես խոսում եմ խնդրի կարգավորման գործընթացի ակտիվացման մասին, ես առաջին հերթին ընդգծում եմ Ռուսաստանի ակտիվացումը»,- նշել է նա: