Երեւանի պետհամալսարանի եւ Կենտրոնական Եվրոպական համալսարանի մի խումբ ուսանողներ կոչով դիմել են ԵՊՀ ղեկավարությանը:
«Հայտնում ենք մեր խորին ափսոսանքը եւ անհանգստությունը Երեւանի պետական համալսարանի հայտարարության վերաբերյալ, որով վերջինս հրաժարվել է հյուրընկալել եւ մասնակցել Կենտրոնական եվրոպական համալսարանի Արեւելյան միջերկրական ուսումնասիրությունների կենտրոնի «Կովկասը եւ Բյուզանդիան ուշ հնադարից մինչեւ միջնադար» ծրագրի տարեկան միջազգային գիտաժողովին:
Տեղակայված լինելով Բուդապեշտում, Հունգարիա, Կենտրոնական եվրոպական համալսարանը հավատարմագրված է թե ԱՄՆ-ում, թե Եվրամիությունում եւ հանդիսանում է միջազգային համալսարան, եւ ոչ հունգարական: Ավելին, գիտաժողովը պլանավորվում է անցկացնել Երեւանում, ոչ թե Բուդապեշտում:
Հասկանալով եւ կիսելով հանդերձ մեր հայրենակիցների զգացմունքները, կապված Հունգարիայի կառավարության անթույլատրելի որոշման հետ, մենք չենք կարծում, թե միջազգային ակադեմիական եւ մշակութային hարթակներից դուրս մնալը ամրապնդում է մեր դիրքորոշումը կամ նպաստում ստեղծված իրավիճակի հանգուցալուծմանը: Ավելին, մենք գտնում ենք, որ անկախ ապագա քաղաքական եւ դիվանագիտական պարզաբանումներից միջազգային ակադեմիական եւ մշակութային երկխոսությունն ու համագործակցությունը չպետք է վտանգվի:
Հաշվի առնելով վերեւոգրյալը` մենք դիմում ենք Երեւանի պետական համալսարանին` խնդրելով վերանայել խնդրո առարկա որոշումը եւ մասնակցել գիտաժողովին: Մեր համոզված ենք, որ այս իրադրությունում ակադեմիական համայնքները կարող են օգնել հաղթահարելու այս բարդ շրջանը, եւ որ համագործակցությունը երկու բարձրագույն կրթական հաստատությունների միջեւ պետք է ամրապնդվի եւ խորանա:»,- ասվում է հայտարարության մեջ:




























