Գաֆեսճյան արվեստի կենտրոնը շարունակում է զարմացնել իր այցելուներին նոր ու հետաքրքիր քանդակներով: Երեկ կենտրոնի «Արծիվ» պարտեզի սրահում տեղադրվել է գերռեալիստական քանդակների վարպետ Մարկ Սիյանի (ծնվ. 1946, ԱՄՆ ) «Աղախին Ռոզին» քանդակը, որը ստեղծվել է 2006 թ-ին: Դիտորդի առջեւ կանգնած է ժպտերես եւ վառվռուն աչքերով աղախին Ռոզիի քանդակը, ով զարմացնում է իր անչափ կենդանի հայացքով ու կեցվածքով: Մարկը հայտնի է մարմնի մասերի մանկակրկիտ մշակմամբ, այն աստիճան, որ քանդակի մակերեւույթը անչափ նմանեցված է մարդու մաշկին:

Այսօր Գաֆեսճյան պուրակում եւս մեկ նոր բնակիչ է հայտնվել: Տեղադրվել է չինացի ժամանակակից նկարիչ-քանդակագործ Յուե Մինջունի անվերնագիր քանդակը: Յուե Մինջունը հայտնի է իր ժպտացող կերպարներով: Նրա քանդակներում եւ կտավներում նա միշտ պատկերել է ինքն իրեն`մշտապես միեւնույն ժպիտով, որը դիտորդների մի մասին անկեղծ է թվում, մի մասին` արհեստական եւ ոչ համոզիչ, իսկ հեղինակն իր ժպտացող ինքնանկարների մասին ասել է «Ես ցանկանում եմ իմ վատ մտքերը եւ զգացմունքները թաքցնել ծիծաղի ներքո»: Ընդունված է արվեստի նրա ոճը ցինիկ-ռեալիզմ անվանել:

Եւս մեկ քանդակ կհետաքրքրի հատկապես թեյասերներին, հենց պուրակի կենտրոնում կանգնեցվել է պորտուգալացի ժամանակակից քանդակագործ-նկարիչ Ջոանա Վասկոնսելոսի (ծնվ. 1971) ժանեկազարդ թեյի մեծ տաղավարը: Ջոանան իր արվեստի համար ընտրում է առօրյա մեզ շրջապատող իրերը: Նրա աշխատանքները հեշտ ընկալելի են: Նրա ստեղծագործություններում շատ է հումորը, երբեմն նաեւ տխրությունը: Ջոանայի մոտ գերակշռում է կանացի սկիզբը:

Ջոանայի աշխատանքները դիտորդին հիացնում են ասեղնագործ նրբությամբ եւ մանրակրկիտությամբ:

Հիշեցնենք, որ օրեր առաջ Գաֆեսճյան պուրակում տեղադրվել էր նաեւ կոլումբիացի նշանավոր նկարիչ-քանդակագործ ֆերնանդո Բոտերոյի «Ծխող կինը» քանդակը, որը ոչ միանշանակ էր ընդունվել հայ հանրության կողմից եւ բազմաթիվ քննարկումների պատճառ էր դարձել: