Հայաստանի Առողջապահության նախարարության Պետական հիգիենիկ եւ հակահամաճարակային տեսչությունը երեկ Վայոց Ձորի մարզային կենտրոնից ահազանգ է ստացել այն մասին, որ Վայքի հիմնական դպրոցում երեխաների մոտ արձանագրվել են աղիքային խանգարման երեւույթներ:

Առողջապահության նախարարության մամուլի ծառայությունից հայտնում են, որ ահազանգը ստանալուն պես առողջապահության նախարարության մասնագետների խումբը մեկնել է Վայք եւ տեղի մասնագետների հետ իրականացրել համաճարակաբանական հետազոտություն:

Համաճարակաբանական հետազոտության արդյունքում պարզվել է, որ երեխաները նախորդ օրը գանգատվել էին թուլությունից, սրտխառնոցից, ոմանք` փսխումից, իսկ 5 երեխայի մոտ նկատվել են լուծի երեւույթներ։ Կազմակերպված բակային համայցների ժամանակ բոլորի վիճակը բավարար էր, երեխաների մոտ նոր դեպք չի հայտնաբերվել:

Վայքի բուժմիավորումում սեպտեմբերի 6-ին եւ 7-ին հոսպիտալացման դեպքեր եւ շտապ օգնության կանչեր չեն գրանցվել:

Հակահամաճարակային միջոցառումները շարունակվում են: