Գյումրի քաղաքապետի ընտրություններում «Բարգավաճ Հայաստան» կուսակցության անդամ, թեկնածու Սամվել Բալասանյանի` ավագանիների միջոցով ընտրակաշառք բաժանելու մասին լրատվամիջոցներում հրապարակված տեղեկությունները չեն համապատասխանում իրականությանը: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Սամվել Բալասանյանի մամուլի քարտուղար Զոհրաբ Եգանյանը:
«Ոչ մի ձեւով ոչ մի ընտրակաշառքի մասին խոսք լինել չի կարող, ասեմ ավելին` համացանցում սկսել են հայտնվել նմանաբնոյւթ այլ կեղծ տեղեկություններ: Մենք եւս ստացել ենք բազմաթիվ անանուն ահազանգեր, համաձայն որոնց` այս կամ այն ընտրատարածքում «կարուսել» են անում»,- ասել է մամուլի քարտուղարը: Զոհրապ Եգանյանի փոխանցմամբ` այս պահին ճշտվում են այդ ահազանգեևրի իսկությունը եւ
անհրաժեշտության դեպքում իրենք հանդես կգան համապատասխան հայտարարությամբ:
Ավելի վաղ Սամվել Բալասանյանը իր քաղաքացիական պարտքը կատարելի ասել է,թե մինչ այդ պահը ընտրությունները ընթանում են նորմալ: Նա նաեւ նշել է, թե քվեարկել է հանուն Գյումրու վերականգնման։ «Ես այդ քարոզարշավի ընթացքում հասկացա, որ սեպտեմբերի 9–ը մենք վերածելու ենք տոնակատարության», – ասաց նա, նշելով, որ շատ մեծ ակտիվություն է գրանցվում։
Հիշեցնենք, որ Հայաստանում այսօր` սեպտեմբերի 9-ին, 481 համայնքներում անց են կացվում ՏԻՄ ընտրություններ: Ընտրություններ են ընթանում Արարատում, Արմավիրում, Լոռիում, Շիրակում, Սյունիքում: 379 համայնքում կընտրեն համայնքի ղեկավար, իսկ 454-ում՝ ավագանու անդամ: Թեեւ Կենտրոնական ընտրական հանձնաժողովից վստահեցնում են, որ տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունները ընթանում են բնականոն հունով, բայց Գյումրիում եւ Վանաձորում խախտումների մասին ահազանգել են իրավապաշտպանները, քաղաքացիները եւ լրատվամիջոցները::
«Գալա» TV-ն հացորդել է, որ ՀՅԴ Գյումրու կառույցի մի խումբ երիտասարդների հաջողվել է ընտրատեղամասերից մեկի դիմաց խմբված երիտասարդների ձեռքից, ովքեր Գյումրու ավագանու անդամի թեկնածուներից մեկի օգտին աշխատող տղաներ են եղել, վերցնել ցուցակներ եւ նախընտրական գրքույկներ: Ինչպես հավաստում են ՀՅԴ Գյումրու գրասենյակից, երիտասարդները նկատել են, թե ինչպես են այդ ցուցակներով քաղաքացիները մոտեցել ընտրատեղամաս մտնող մարդկանց, հետո միասին մտել են ընտրատեղամասի դիմաց կայանած դեղին գույնի մարդատար ավտոբուս, այնտեղ ստացել են գումարը՝ 5000 դրամ, այնուհետ գնացել ընտրության: ՀՅԴ ներկայացուցիչներին հաջողվել է վերցնել տղաների ձեռքից ցուցակը, որտեղ անուններ են գրված եղել՝ Անո, Մուշո, Հովո եւ այլն: Իսկ թերթիկներից մեկի հետեւում Գյումրու քաղաքապետի թեկնածու Սամվել Բալասանյանի անունն է գրված եղել: Լրատվամիջոցներում տարածված տեղեկությունների համաձայն` Սամվել Բալասանյանի համար ընտրակաշառքը բաժանվում է հենց ավագանու անդամների միջոցով:




























