Երեւանի Օրբելի փողոցի թիվ 6 շենքի մոտակայքում այսօր` սեպտեմբերի 9-ին, վթարի ենթարկվելու հետեւանքով Հերացու անվան թիվ 1 համալսարանական բժշկական կենտրոն տեղափոխված 19-ամյա Վլադիմիր Մարկոսյանի վիճակը ծանր է: Այս մասին NEWS.am-ի թղթակցին հայտնեցին հիվանդանոցից: Նրանց փոխանցմամբ` այժմ վիրահատում են տղայի որովայնը, նա արյունահոսում է: Վլադիմիր Մարկոսյանը ստացել է բազմաթիվ վնասվածքներ, կոտրվածքներ:
Ծանր է նաեւ «Արմենիա» բժշկական կենտրոն տեղափոխված Դավիթ Գրիգորյանի եւ Նորայր Խաչատրյանի առողջական վիճակը: NEWS.am-ի թղթակցին հիվանդանոցից հայտնեցին, որ նրանք մինչեւ 20 տարեկան երիտասարդներ են:
Մեզ հաջողվեց պարզել նաեւ վթարի հետեւանքով մահացած երկու աղջիկների ինքնությունը, որոնցիցի մեկը մահացել էր հոսպիտալացման ճանապարհին, մյուսը` հիվանդանոցում: «Արմենիա» բժշկական կենտրոնից NEWS.am-ի թղթակցին հայտնեցին, որ Օրբելի փողոցում տեղի ունեցած վթարի հետեւանքով մահացել էին Վիկտորյա Ալոյանը եւ Գայանե Մարկոսյանը, նրանք երեւի մինչեւ 24-25 տարեկան աղջիկներ էին:
Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ Երեւանի Օրբելի փողոցի թիվ 6 շենքի մոտակայքում տեղի է ունեցել ճանապարհատրանսպորտային պատահար: Այս մասին ահազանգը Արտակարգ իրավիճակների նախարարությունը ստացել է սեպտեմբերի 9-ին, ժամը 13.07-ին: Անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր են մեկնել մեկ մարտական հաշվարկ, ՃԿԿ ԱԻ արձագանքման խումբը:




























