Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանը «Ֆեյսբուքի» իր էջում շնորհավորել է բոլորին` Շախմատի տղամարդկանց Հայաստանի հավաքականի Ստամբուլում կայացած 2012թ. շախմատի համաշխարհային օլիմպիադայում հաղթելու եւ չեմպիոն դառնալու կապակցությամբ:
Նա, մասնավորապես, գրել է.«Շնորհավորում եմ բոլորիս մեր շախմատային ոսկե ընտրանու հերթական փայլուն նվաճման առթիվ:Շնորհակալություն ձեզ, տղա’ներ, իսկապես հրաշալի խաղի, ձեր կամքի ու վճռականության և մեզ պարգևած անկրկնելի պահերի համար: Դուք բարձր պահեցիք մեր երկրի պատիվը: Ադրբեջանի այսօրվա հերոսը մարդասպանն է, իսկ հայ ազգի հերոսը` դուք:Մաղթում եմ Ձեզ նոր բարձունքներ, երջանկություն ու հաջողություն: Կեցցե'ք»
Հիշեցնենք, որ 40-րդ համաշխարհային օլիմպիադայի վերջին տուրում Հայաստանի հավաքականը 2.5։1.5 հաշվով հաղթեց Հունգարիային եւ 19 միավորով Ռուսաստանի հետ կիսեց առաջին տեղը։ Լրացուցիչ գործակցով երրորդ անգամ չեմպիոն հռչակվեց Հայաստանը։ Երրորդ տեղում Ուկրաինան է։ Հայաստանը նաեւ եռակի բրոնզե մեդալակիր է։




























