ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Անդերս Ֆոգ Ռասմուսենը, որն իր պաշտոնը զբաղեցնելու է օգոստոսի 1-ից, «չափավոր» իսլամական երկրներին կոչ է արել միացյալ ճակատով պայքարել իսլամական ծայրահեղականների դեմ: «Ես աշխատելու եմ ՆԱՏՕ-ի եւ մուսուլմանական աշխարհի՝ չափավոր դիրքորոշում ունեցող երկրների կառավարությունների հարաբերությունների բարելավման վրա: Անհրաժեշտ է ծայրահեղականների դեմ ուժեղ ճակատ ստեղծել»,- ասել է Ռասմուսենը ֆրանսիական «Midi libre» պարբերականին տված հարցազրույցում:
Ռասմուսենն ընտրվել է հյուսիսատլանտյան դաշինքի ղեկավարի պաշտոնում ապրիլին կայացած ՆԱՏՕ-ի հոբելյանական գագաթաժողովի ժամանակ: Այն, որ դանիացի Ռասմուսենը դառնալու է ՆԱՏՕ-ի գործող նախագահ Յաապ դե Հոոպ Սխեֆեերի փոխարինողը, պարզ չէր մինչեւ վերջին րոպեն: ՆԱՏՕ-ի 27 երկրների աջակցությունը ստացած Դանիայի վարչապետի թեկնածությունը հրաժարվել էր ընդունել Թուրքիան: Այդուհանդերձ դաշնակիցներին հաջողվել էր համոզել Թուրքիային, պայմանով, որ Ռասմուսենը դադարեցնի քրդական ռադիոկայանի հեռարձակումը Դանիայի տարածքում, նաեւ ներողություն խնդրի Մուհամեդ մարգարեի ծաղրանկարների համար: Մինչ այդ նա հրաժարվել էր Թուրքիայի պահանջով դանիական թերթերին ստիպել ներողությւոն խնդրել ծաղրանկարների համար՝ հղում անելով խոսքի ազատության սկզբունքի վրա:




























