Ստրասբուրգում կայանալիք ԵԽԽՎ ձմեռային նստաշրջանից հետո, որը կայանալու է հունվարի 25-29-ին, փետրվարի սկզբին Ադրբեջան են ժամանելու այդ երկրի հարցով ԵԽԽՎ համազեկուցողները: Այս մասին հայտնել է ԵԽԽՎ-ում Ադրբեջանի պատվիրակության ղեկավար Սայիդ Սեիդովը: Նրա խոսքով, համազեկուցողների այցելության նպատակը Ադրբեջանի վերաբերյալ զեկույցի պատրաստումն է:
«ԵԽԽՎ-ն մի շարք երկրներում մոնիտորինգ է անցկացնում, եւ այդ երկրներում իրավիճակը քննարկվում է ԵԽԽՎ նստաշրջաններում՝ տարին երկու անգամ: Ադրբեջանի հարցով վերջին քննարկումները տեղի են ունեցել 2008 թվականին, ուստի այս տարի պետք է զեկույց պատրաստվի: Այդ ուղղությամբ աշխատանքներն արդեն սկսվել են»,- ասել է Սեիդովն ու հավելել. «Մենք կցանկանայինք, որպեսզի համազեկուցողները գործեին իրենց իրավասությունների շրջանակում եւ ԵԽ-ին օբյեկտիվ զեկույց ներկայացնեին»:
Նշենք, որ Ադրբեջանը մեղադրվում է քաղբանտարկյալներ ունենալու, մամուլի ազատությունը սահմանափակելու եւ լրագրողներին քրեական հոդվածներով դատապարտելու մեջ: ԵԽ նախկին գլխավոր քարտուղար Թերրի Դեւիսը բազմաթիվ անգամ մտահոգություն է հայտնել Ադրբեջանում ազատազրկման դատապարտված լրագրողների առկայության փաստի առթիվ եւ կոչ արել ազատ արձակել նրանց:




























