Իսրայելի փոխարտգործնախարար Դանի Այալոնը ներողություն է խնդրել թուրք դեսպան Ահմեդ Օղուզ Չելիքքոլից «անհարգալից վերաբերմունքի» համար հունվարի 11-ի ընդունելությանը:
Ինչպես հայտնում է BBC Russia-ն, Այալոնը խոստացել է ապագայում օգտագործել «ավելի ընդունելի դիվանագիտական միջոցներ»:
Ընդ որում, նա հետ չի կանչել Թուրքիային հղած բողոքի նոտան:
«Ես նախկինի պես բողոքում եմ Իսրայելի վրա Թուրքիայի հարձակումների կապակցությամբ: Այդուհանդերձ, ես սովորություն չունեմ վիրավորել դեսպաններին, եւ ապագայում կարտահայտեմ իմ դիրքորոշումը ավելի ընդունելի դիվանագիտական միջոցներով»,- ասված է Այալոնի հայտարարության մեջ:
Հիշեցնենք, որ այսօր հայտնի է դարձել Իսրայելում Թուրքիայի դեսպանի հետ կանչման մասին: Jerusalem Post-ի տվյալներում, դեսպան Չելիքքոլը կանչվել է Անկարա խորհրդակցությունների համար, եւ կարող է չվերադառնալ:
Դրա համար առիթ է ծառայել թուրք դեսպանին Իսրայելի ԱԳՆ կանչելը, որտեղ հանդիպում էր կայացել Դանի Այալոնի հետ: Հանդիպմանը թուրք դիվանագետին նստեցրել էին ցածր բազկաթոռի վրա, մինչդեռ իսրայելցի պաշտոնյան նստել էր ավելի բարձր բազկաթոռի վրա: Բացի այդ, Այալոնն իր ձեռքը չէր մեկնել ողջունելու համար: Դրանից հետո Անկարան իսրայելական կողմից պահանջել է ներողություն խնդրել իրենց դիվանագիտական առաքելության պաշտոնյայի նկատմամբ անհարգալից վերաբերմունքի համար:




























