Թուրքիայի արտգործնախարարությունը բավարար չի համարում թուրք դեսպանի Իսրայելի ԱԳ փոխնախարարի կողմից նսեմացման վերաբերյալ բացատրությունը։ Այս մասին տեղեկացնում է թուրքական CNNturk-ը։

Թուրքական կողմը սպասում է նաեւ Իսրայելի վարչապետի բացատրությանը։

Հիշեցնենք, որ Իսրայելի ԱԳ փոխնախարար Դանի Այալոն հրավիրել էր Թել Ավիվում Թուրքիայի դեսպան Չելիքոլին հանդիպման եւ նստեցրել իրենց աթոռներից ավելի ցածր աթոռի վրա, հայտնել էր իրենց բողոքը թուրքական «Գայլերի հովտի որոգայթը» ֆիլմում ներկայացված հակաիսրայելական փաստերի վերաբերյալ։

Թուրքիայի բուռն արձագանքից հետո Իսրայելի ԱԳ փոխնախարարը հայտնել էր, որ ինքը չի ցանկացել վիրավորել թուրք դեսպանի պատիվը եւ մյուս անգամ իրենց բողոքը հայտնելու համար դիվանագիտական այլ միջոց կընտրեն։