Ռուսաստանն ու Թուրքիան իրենց առջեւ հավակնոտ նպատակներ են դնում: Այդ մասին հայտարարել է Ռուսաստանի նախագահ Դմիտրի Մեդվեդեւը հունվարի 13-ին՝ մերմոսկովյան Բարվիխա նստավայրում Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ հանդիպմանը:

«Ռուս-թուրքական հարաբերությունները գտնվում են վերելքի վրա: Դրանք իսկապես ռազմավարական գործընկերների հարաբերություններ են: Չնայած, որ անցած տարին բարդ էր, մեր հարաբերությունների համար տարին հաջող էր»,- հայտարարել է Մեդվեդեւը՝ ակնարկելով առեւտրատնտեսական համագործակցության զարգացումը, «որը բավական զգալի է, եւ մոտ հեռանկարում անգամ հավակնոտ նպատակներ են դրված»:

Նա հիշեցրել է, որ Ռուսաստանն ու Թուրքիան խոշոր նախագծեր են իրականացնում, մասնավորապես՝ էներգետիկայի ոլորտում. «Մենք դրանում շատ ուրախ ենք, կարծում ենք, որ լուրջ, մեծ համագործակցություն կա»:

Ռուսաստանի նախագահը հույս է հայտնել, որ Էրդողանի ներկայիս այցի ընթացքում Ռուսաստանն ու Թուրքիան կարող են եւս մեկ քայլ կատարել՝ «ամրապնդելու հարաբերությունները երկու երկրների միջեւ»:

«Դա անհրաժեշտ է շատ բարդ խնդիրների լուծման համար, այդ թվում՝ տարածաշրջանային խնդիրների, որոնց վերաբերյալ մենք մշտապես խորհրդակցություններ ենք անցկացնում: Մեր երկրները հարեւաններ են, եւ նրանից, թե որքան մոտ են մեր դիրքորոշումները, կախված է տարածաշրջանի միկրոկլիման»,- ասել է Ռուսաստանի նախագահը:

Իր կողմից Էրդողանը նկատել է, որ երկու երկրների հարաբերությունները վերջին շրջանում հասել են գագաթնակետին:

«Դուք ճիշտ նկատեցիք, որ էներգետիկայի ոլորտը կարեւոր նշանակություն ունի: Այդ առումով օրինակելի համագործակցություն է ծավալվել: Մենք հավատում ենք, որ կարող ենք բազմաբովանդակ համագործակցություն ծավալել տարբեր ուղղություններով, ոչ միայն բնական գազի, այլեւ նավթի, նավթամթերքների ոլորտում հնարավորությունների մեծ ներուժ կա»,- ըստ «Վզգլյադի»՝ ասել է Էրդողանը: