Հայաստանի արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանն անհրաժեշտ չի համարում մեկնաբանել ՀՅ Դաշնակցության պահանջը՝ իր հրաժակականի վերաբերյալ։ «Եթե մենք չենք մեկնաբանել տվյալ հայտարարությունն առայսօր, նշանակում է, համարում ենք, որ այն մեկնաբանության կարիք չունի»,- այսօր լրագրողներին ասաց նա:

Այնուհետեւ խոսելով ԼՂ հիմնախնդրի շուրջ վերջին շրջանում Հայաստանում բարձրացված աղմուկի մասին, Է. Նալբանդյանը նշեց. «Այն աժիոտաժը, որ բարձրացվել է ԼՂ հիմնախնդրի կարգավորման վերաբերյալ, իսկապես անհիմն է: Մի կողմից դա միգուցե կարելի է բացատրել շատ մեղմ ասած, որոշ միամտությամբ, իսկ մյուս կողմից` այն փորձերով, որոնք արվում են ջուրը պղտորելով եւ այդ ջրում ձուկ որսալով: Չեմ կարծում, որ ազգային նշանակություն ունեցող ԼՂ հիմնախնդրի շուրջ շահարկումները որեւէ մեկին պատիվ է բերում»:

Հիշեցնենք, որ օրերս ՀՅԴ Գերագույն մարմինն իր հայտարարությամբ պահանջել էր ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանի հրաժարականը։ «Այսօր մենք պարտավոր ենք վերագնահատել և վերանայել Հայաստանի արտաքին քաղաքականությունը և նոր էջ բացել, քանի դեռ այդպիսի հնարավորություն կա։ Արտաքին քաղաքականության ասպարեզում առաջացած բացասական հետևանքները վերացնելու և ազգային պետական ուղեգիծը վերականգնելու նպատակով պահանջում ենք, ոլորտի անմիջական պատասխանատու ՀՀ ԱԳՆ ղեկավար Էդվարդ Նալբանդյանի հրաժարականը»,-ասված է ՀՅԴ ԳՄ հայտարարության մեջ: ՀՅԴ-ում կարծում են, որ Հայաստանի և Ղարաբաղի շուրջ կատարվող իրադարձությունները շատ վտանգավոր միտումներ են պարունակում ազգային պետական շահերի համատեքստում։