Եվրոպայի Խորհրդի խորհրդարանական վեհաժողովում հայկական պատվիրակության անդամ Զարուհի Փոստանջյանին, ամենայն հավանականությամբ, կարող են հանել պատվիրակության հիմնական կազմից: ԱԺ «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ստեփան Սաֆարյանը NEWS.am–ին հայտնեց,որ նման որոշում դեռ չկա, սակայն նախօրեին՝ Աժ նախագահ Հովիկ Աբրահամյանի մոտ խորհրդակցության ժամանակ իրենց տեղեկացրել են, որ ՕԵԿ-ը գրավոր դիմել է՝ իր փոխարինող կարգավիճակով անդամին մշտական դարձնելու խնդրանքով: «Կոալիցիոն ուժերը տեսակետ հայտնեցին, որ դա պետք է լինի „Ժառանգության“ տեղի հաշվին, քանի որ իրենք (իշխանությունը-NEWS.am) շատ են, „Ժառանգությունը“՝ քիչ: Իսկ եթե քչի տեղ էլ չկա, կամ պիտի ներկայացված չլինի, կամ պայմանավորվի ՀՅԴ-ի հետ»,- ասաց Սաֆարյանն ու հավելեց, որ իրենք մերժել են նման մոտեցումը, բայց տեղյակ չեն, թե ինչ որոշում կկայացնի ԱԺ նախագահը:
Նշենք, որ որոշման դեպքում Զարուհի Փոստանջյանի փոխարեն հիմնական կազմում ընդգրկվելու է ՕԵԿ խմբակցության քարտուղար Արծրունի Աղաջանյանը:
ՕԵԿ խմբակցության նախագահ Հեղինե Բիշարյանն իր դիմումը հիմնավորել է նրանով, թե ՀՅ Դաշնակցության՝ կոալիցիան լքելուց հետո պատվիրակության կազմում խախտվել է համամասնությունը եւ դարձել 50/50, թեեւ Ազգային ժողովում նման համամասնություն գոյություն չունի:
Նշենք, որ այս կերպ հայաստանյան ընդդիմությունը զրկվում է եվրոպական այս հեղինակավոր կառույցում իր ձայնը լսելի դարձնելու հնարավորությունից, քանի որ պատվիրակության դաշնակցական անդամ Արմեն Ռուստամյանի գործողությունները ոչնչով չեն տարբերվել իշխանական ներկայացուցիչների քայլերից:




























