Հունվարի 15-ը վերջին օրն է, երբ հայաստանցի ուղեւորները հնարավորություն կունենան ինքնաթիռով Երեւանից Թբիլիսի թռչել։ Այդ մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում հայտնեց «Արմավիա» ընկերության մամուլի քարտուղար Նանա Ավետիսովան։

Նրա խոսքով՝ Երեւան-Թբիլիսի չվերթները հանվել են՝ պահանջարկի բացակայության պատճառով: «Սեզոնն այնպիսին է, որ այդ ուղղությամբ թռչել ցանկացողների թիվը կտրուկ նվազել է»,-նշեց «Արմավիա»-ի մամուլի քարտուղարը՝ չբացառելով, որ չվերթները գարնանից սկսած կրկին կվերականգնվեն:

Հարցին, թե հնարավո՞ր է, որ ուղեւորների թվի կրճատումը պայմանավորված լինի ավիատոմսերի բարձր գներով, Նանա Ավետիսովան միանգամից հերքեց այդ փաստը՝ նշելով, որ սակագները «շատ ցածր են եղել»։ Թե որքա՞ն ցածր, նա, սակայն, դժվարացավ հիշել։